Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ո՞վ էր եւ ի՞նչ ազդեցություն ուներ ամերիկացիների կողմից սպանված գեներալ Սոլեյմանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Էլ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասիմ Սոլեյմանին, ով զոհվեց Բաղդադի օդանավակայանի մոտակայքում՝ ԱՄՆ զինուժի հարձակման հետեւանքով, ամենահեղինակավոր անձանցից էր, ով զգալի ազդեցություն ուներ Իրանի քաղաքականության վրա այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան եւ Լիբանանը:

Սոլեյմանին ստանձնել էր «Էլ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատարությունը, որը պատասխանատու էր 1998թ.-ին արտերկրում Իրանի ռազմական եւ հետախուզական գործողությունների համար: Նա ուղղակիորեն ենթարկվում էր Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդին՝ այաթոլլա Ալի Խամենեիին:

Չնայած այն հանգամանքին, որ գեներալի անունը 2007թ.-ին ընդգրկվեց իրանցի ռազմական եւ քաղաքական գործիչների ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում, Սոլեյմանին գլխավորեց Իրանի ռազմական գործողությունները մի շարք երկրներում՝ մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում:

Սոլեյմանին ծնվել է 1957թ.-ին՝ իրանական Քերման նահանգի Քանաթե Մալեք լեռնային ավանում: Դպրոցում ընդամենը 5-րդ դասարանն է ավարտել:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում ծառայության անցնելուց հետո երիտասարդ մարտիկների 45-օրյա պարապմունքների է մասնակցել:

Սոլեյմանիի զինվորական կարիերան

Նրա զինվորական կարիերան սկսվել է 1979թ.-ի Իսլամական հեղափոխությունից հետո:

Այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները 1998թ.-ին աֆղանական Մազարի Շարիֆ քաղաքում սպանեցին իրանցի 7 դիվանագետի եւ 1 լրագրողի, Սոլեյմանին աջակցություն ցուցաբերեց Բուրխանուդդին Ռաբանիի ղեկավարած «Հյուսիսային դաշինք» խմբավորմանը, որը Աֆղանստանում թալիբների դեմ պայքար էր ծավալել:

Պատերազմի ժամանակ Սոլեյմանին լավ հարաբերություններ հաստատեց Իրաքի քուրդ առաջնորդների հետ, ովքեր պատերազմում էին Սադամ Հուսեյնի ուժերի դեմ: 1991թ.-ին Պարսկական ծովածոցում պատերազմի ժամանակ Սոլեյմանին սերտ հարաբերություններ հաստատեց շիական զինված խմբավորումների հետ, կազմակերպեց այդ ուժերի ապստամբությունը:

Մի կողմից Սոլեյմանին հանդես էր գալիս որպես ԱՄՆ-ի դեմ մարտնչող խմբավորումների հրամանատար, մյուս կողմից նա Իրաքում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անցկացված բանակցություններում առանցքային դերակատարում ուներ:  Գեներալը հայտնի էր ոչ միայն որպես հրամանատար, այլեւ որպես լավ դիվանագետ:

Ղասիմ Սոլեյմանին Իրաքում լավ հարաբերություններ էր հաստատել ոչ միայն շիաների, այլեւ սունի առաջնորդների հետ:

Նա սերտորեն համագործակցում էր Լիբանանի «Հըզբոլլա» շարժման հետ, հանդիսանում էր լիբանանյան զինված խմբավորումների զինպատրաստության պատասխանատուն  2006թ.-ի «33-օրյա պատերազմի» ժամանակ, երբ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լիբանանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով իսրայելցի զինվորականի առեւանգման մեջ:

Սոլեյմանիի դերը Սիրիայում եւ Իրաքում  

Սոլեյմանին նպաստում էր Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդմանը: Ստանալով «Հըզբոլլա»-ի եւ շիական խմբավորումների աջակցությունը, Ասադի ուժերը կարողացան վերահսկողություն սահմանել մի շարք շրջանների նկատմամբ, որոնք գտնվում էին ընդդիմության վերահսկողության ներքո:

Գեներալը նաեւ առանցքային դերակատարում ունեցավ «Հաշդի Շաաբի» խմբավորման ձեւավորման եւ ղեկավարման գործում, որը ստեղծվել էր Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով:

 

Աղբյուր՝ aa.com.tr/ru

Back to top button
Close