Նորություններ

Սահմռկեցուցիչ դեպք Գեղարքունիքի մարզում. ոսկու հանքից գողությունն ավարտվել է սպանությամբ. 48-ամյա տղամարդուն կենդանի այրել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց:

Մարտի 2-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ն. Ե.-ն համաքաղաքացի՝ 35-ամյա Ս. Ս.-ի, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ն.-ի հետ Գեղարքունիքի մարզի «Գեո-Պրոմայնինգ-Գոլդ» ՍՊԸ պատկանող ոսկու հանքից ոսկի ստանալու նպատակով հանքանյութ են բերել Ն. Ե.-ի տուն: 2013թ. փետրվարի 7-ին Ն. Ե.-ն հերթական անգամ գնացել է ոսկու հանք, որտեղ վիճաբանություն է սկսվել Ս. Ս.-ի հետ, որի ընթացքում՝ ըստ ստացված օպերատիվ տվյալների, Ս. Ս.-ն բենզին է լցրել Ն. Ե.-ի և վառել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներից մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փետրվարի 8-ին արհեստական դեպքի վայր ստեղծելու նպատակով Ս. Ս.-ն անհայտ մակնիշի ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Վարդենիս քաղաքի «Բոզեյ գոռներ» կոչվող տարածք, կարմիր գույնի մարզական համազգեստ է այրել, իբրև Ն. Ե.-ն բենզին է լցրել ավտոմեքենայի բենզաբաքը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և Ն. Ե.-ն դժբախտ դեպքի զոհ է դարձել:

Նշված տեղեկությունը ստացվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանների կատարած աշխատանքների արդյունքում: Չի բացառվում, որ կատարվի դիակի արտաշիրմում:

Back to top button