ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայի քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի պատիվ ազգայնական գործիչ Ստեփան Բանդերայի

Ուկրաինայի քաղաքներում անցկացվել են ավանդական երթեր՝ նվիրված ուկրաինական ազգայնական շարժման գաղափարախոսներից մեկի՝ Ստեփան Բանդերայի ծննդյան 111 ամյակին, տեղեկացնում է svoboda.org-ը: Ավանդական ջահերով երթ է անցկացվել Կիեւում, որին մասնակցել են մի քանի հազար ազգայնական:

Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են ջահեր ու դրոշներ, հնչեցրել են ազգայնական կոչեր:

Լվովում տեղի է ունեցել ժողովրդական հավաք: Քաղաքական եւ հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Բանդերայի հուշարձանին:

Ջահերով երթ է անցկացվել նաեւ Դնեպրում, որին մասնակցել է մոտ 500 մարդ:

Ստեփան Բանդերան ուկրաինացի քաղաքական գործիչ է, 20-րդ դարի ուկրաինական ազգայնական շարժման գաղափարական առաջնորդներից մեկը: Նա սպանվել է 1959թ.-ին Մյունխենում՝ ԿԳԲ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկու կողմից:

Ուկրաինացի ազգայնականները Բանդերային համարում են իրենց երկրի պատմական կարեւորագույն գործիչներից մեկը: Ռուսաստանը, Իսրայելը եւ Լեհաստանը քննադատում են ուկրաինական իշխանություններին՝ քաղաքական գործչին հերոսացնելու համար: Նրան մեղադրում են Ուկրաինայի արեւմուտքում լեհերի եւ հրեաների էթնիկ զտումներին մասնակցություն ունենալու մեջ:

Աղբյուր՝ svoboda.org

Back to top button
Close