Նորություններ

Մոսկվայից փորձել են մեծ քանակությամբ հերոին տեղափոխել Հայաստան` ինքնաթիռով

Մոսկվայից օդային ճանապարհով փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց` «հերոին», տեղափոխել Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայքար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացին, 2019թ. դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոց և համապատասխան փաթեթավորմամբ այն պահել իր մարմնում։ 2019թ. դեկտեմբերի 24-ին վերջինս Մոսկվա քաղաքից ինքնաթիռով ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանային անցակետով վերոնշյալ առանձապես խոշոր չափերով թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, առաջադրված մեղադրանքում մաքսանենգը իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական բնույթի ցուցմունքներ, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», — նշված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։

Back to top button
Close