Նորություններ

«Ամենամեծ խնդիրը, որ այսօր մեր երկրում կա, դա ատելության գերդոզայի գեներացումն է». Ն. Զոհրաբյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ամփոփել  է 2019 թվականին օրենսդիր մարմնի ձեռքբերումներն ու ձախողումները, ներկայացրել գալիք 2020-ից սպասելիքներն ու անելիքները:

Ըստ Զոհրաբյանի՝ անցնող տարին իրենց խմբակցության համար ձեռքբերումների տարի է եղել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկու օրենսդրական նախաձեռնություն է կյանքի կոչել:

«Ես կդժվարանամ ամբողջ խորհրդարանի անունից նշել որևէ ակնառու ձեռքբերում, որովհետև դրանք կարծես թե չկան, բայց ես կարող եմ խոսել մեր խմբակցության մասին: Առաջին հերթին ես կնշեի իմ կողմից նախաձեռնած  երկու կարևոր օրենսդրական նախաձեռնություն՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող» օրենքի նախագիծ, որը ես համարում եմ կարևոր ձեռքբերում, և զինծառայողին ինքնասպանության  դրդելու պատժաչափը մի քանի անգամ ավելացնելու օրինագիծը: Ցավոք, մեր խմբակցության քանակը չբավարարեց մի քանի այլ կարևոր նախաձեռնություններ անցկացնելու համար ևս, ինչպես, օրինակ, արհմիություն ստեղծելու նախագիծն է: Այսօր դա Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկն է, որպեսզի կարողանանք աշխատող մարդու իրավունքները և շահերը պաշտպանել: Ինչ վերաբերում է գլոբալ առումով խորհրդարանի աշխատանքին, ես այն կգնահատեմ միջին, որովհետև, իմ համոզմամբ, այս խորհրդարանը դեռևս չի կարողացել դառնալ պրոֆեսիոնալ քաղաքական մարմին հասկանալի պատճառով՝ խորհրդարանական մեծամասնությունն ունի փորձառության լուրջ պակաս»,-նշեց Զոհրաբյանը:

«Ես այս խորհրդարանի հիմնական խնդիր, հիմնական պրոբլեմ կանվանեմ այն, որ ԱԺ-ը պրոֆեսիոնալ չէ, և խորհրդարան են եկել մարդիկ, որոնց գերակշիռ մասը՝ մեծամասնությունը, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ տեսանելի ապագայում ունակ չի լինելու զբաղվելու օրենսդիր գործունեությամբ: Սա բնորոշ է հեղափոխական իրավիճակներին, երբ հանպատրաստից կազմվում են կուսակցական համապետական ցուցակներ և խորհրդարանում հայտնվում են օրենսդիր ու քաղաքական գործունեության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Փորձառություն չունեցող անձինք խորհրդարանի ամբիոնը վերածում են անձնական վիրավորանքների ամբիոնի»:

«Այո, Ազգային Ժողովը լեգիտիմ է, բայց մենք մի կարևոր խնդիր երբևէ չպետք է մոռանանք, հանրությունը չի ընտրել x, y, z պատգամավորների, հանրությունը ընտրել է մեկ հոգու և այս դեպքում նա Նիկոլ Փաշինյանն է»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ օրենսդիր մարմնում ծավալած գործունեությամբ աչքի ընկած իր գործընկերներին՝ նշելով.

«Ես կառանձնացնեմ ԲՀԿ-ից ինձ, Միքայել Մելքումյանին, ԼՀԿ-ից՝ Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին,  «Իմ քայլ»-ից՝ Սիսակ Գաբրիելյանին, Ալեքսանդր Սանդիկովին՝ որպես գրագետ օրենսդիրներ, անկախ նրանից, թե նրանք քանի օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել»

Հարցին, թե ո՞րն  էր խորհրդարանի ընթացիկ տարվա ամենամեծ ձախողումը, Զոհրաբյանը պատասխանեց.

«Ամենամեծ ձախողումը ես համարում հեղափոխական իշխանության տված խոստումներն այդպես էլ իրականություն չդառնալը, բայց ինձ համար, որպես պատգամավորի, ամենամեծ խնդիրը, որ այսօր մեր երկրում կա, դա ատելության գերդոզայի գեներացումն է, որը ես համարում եմ մեր երկրի ամենալուրջ մարտահրավերներից մեկը» :

2020 թ.-ին Նաիրա Զոհրաբյանը ցանկանում է, որ իշխանությունը վերջապես հասկանա, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով հեղափոխության էջը փակվել է:  Ըստ Զոհրաբյանի՝ ոչ թե պիտի խոսվի հեղափոխության մասին, այլ փորձ արվի հեղափոխության արժեքները դարձնել իրականություն՝ տնտեսական հեղափոխություն, քաղաքական, դատական ոլորտի բարեփոխումներ, և որ հանրային միտքը առողջացվի, դադարեցվի սևերի և սպիտակների միջև ստեղծված անջրպետը:

Back to top button
Close