ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես երիտասարդների մեծ սիրո շնորհիվ ստեղծվեց իտալական հայտնի պանետտոնե հացը

Իտալական պանետտոնե հացը հայտնի է նաեւ որպես Panettone di Milano եւ իտալական սուրբծննդյան հաց: Համեղ այդ մթերքի հայրենիքը Միլանն է: Պանետտոնեի հետ կապված մի քանի լեգենդ կա, որոնք ներկայացնում են դրա առաջացման պատմությունը:

Այսօր պանետտոնեն օգտագործվում է իտալական սուրբծննդյան խոհանոցում: Որոշ ընտանիքներ այն պատրաստում են նաեւ Զատկի ժամանակ: Հացը շատ յուղալի է եւ երկար ժամանակ չի չորանում: Այն հաճախ ուտում են սուրճի եւ լիկյորի հետ: Այդ հացի պատրաստումը կարող է տեւել 13-20 ժամ:

Պանետտոնեի հետ կապված ամենահայտնի լեգենդն Ուգետտո անունով պալատականի մասին է, ով սիրահարվում է հացթուխի դստերը: Վերջինիս անունը Ադալջիզա էր: Նա շատ գեղեցիկ էր, սակայն Ուգետտոյի ընտանիքը դեմ էր զույգի ամուսնությանը: Այդ պատճառով Ուգետտոն եւ Ադալջիզան ստիպված էին գաղտնի հանդիպել:

Ստացվում է այնպես, որ Ադալջիզայի հոր փռում աշխատող տղան հիվանդանում է, եւ աղջիկը ստիպված ավելի շատ է աշխատում: Շուտով նա ավելի քիչ ժամանակ է ունենում ժամադրությունների համար: Դառնացած Ուգետտոն որոշում է հիվանդացած տղայի փոխարեն աշխատել փռում:

Այդ ժամանակ հացթուխը բախվում է անսպասելի դժվարությունների հետ: Մոտակայքում մրցակիցները նմանատիպ բիզնես են հիմնում, հացի վաճառքի ծավալներն ու եկամուտը նվազում են:

Ուգետտոն որոշում է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ փոխում է հացի բաղադրատոմսը՝ ավելացնելով ավելի շատ յուղ եւ շաքար: Այդ որոշումը հաջողություն է բերում եւ բիզնեսը կրկին թափ է  հավաքում: Ադալջիզան երջանիկ էր, եւ դա ավելի է ոգեշնչում Ուգետտոյին: Վերջինս ավելի բազմազան է դարձնում բաղադրատոմսը, խմորի մեջ ավելացնում է  ձու եւ չիր ու չամիչ: Հացն ավելի խոշոր է ստացվում եւ տոնական տեսք ստանում: Այն սկսում են գնել տոների ժամանակ: Շուտով նոր մթերքի մասին խոսում է ամբողջ քաղաքը: Երջանիկ երիտասարդներն ամուսնանում են եւ երկար տարիներ ապրում միասին: Ահա այսպիսի հրաշալի պատմություն է դաջված իտալացիների հիշողության մեջ, որը յուրաքանչյուր Սուրբ Ծննդի ժամանակ ջերմացնում է նրանց:

Աղբյուր՝  travelask.ru

Back to top button
Close