Նորություններ

Ադրբեջանում խաղաղություն քարոզողները դավաճաններ են. Տ. Հայրապետյան

«Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող խոսել Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով, և այս վերջին արտահայտությունները և արձագանքները խոսում են այն մասին, որ իրենք իրապես պատրաստ չեն խաղաղության մասին խոսակցության»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Բաքվի արձագանքին Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը:

«Հայաստանը հստակ հասկացնում է, որ իր համար շատ կարևոր, էկզիստենցիալ խնդիր է, և չի պատրաստվում ուղղակի դիտողի դերում լինել և տեսնել, թե ինչպես է Բաքուն զարկ տալիս պատերազմական հռետորաբանությանը»:

Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ մենք ունենք նոր կարգավիճակ, և Ադրբեջանը պետք է հստակ հասկանա, որ վերադարձ անցյալին այլևս չի լինելու:

«Ըստ էության, Ադրբեջանը պետք է բուն խնդիրը փնտրի իր ներսում, որովհետև շարունակ իրենց կոչերում անգամ արտգործնախարարի մակարդակով ընդամենը խոսում են Արցախին ինչ-որ ինքնավար կարգավիճակ տալու մասին»,- հավելեց պատգամավորը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե Բաքուն իսկապես ցանկանում է խոսակցություն բացել խաղաղության մասին, ապա միայն պետք է կողմ լինի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

«Այն ժամանակվանից, երբ Արցախը դուրս մնաց բանակցային սեղանից, պատերազմի սպառնալիքները, կոչերը, ելույթները, նույն 2016 թվականի ապրիլի դեպքերն ավելի շատ փաստում են էսկալացիայի, քան ռեալ խաղաղության մասին»:

Back to top button
Close