Նորություններ

Տավուշի մարզում վենդետան շարունակվում է. Դիլիջանում կրակոցներով սպանվել է վերջերս կալանավայրից ազատված 32-ամյա տղամարդը

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովիկ Խաչատրյանի, նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազ Մուրադ Հարությունյանն ու Տավուշի մարզի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս էր ազատվել։

Փաստի առթիվ Տավուշի քննչական վարչության պետ Հ. Խաչատրյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, և խմբի ղեկավարի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button