ՆորություններՍպորտ

Եթե գտնում են, որ Մխիթարյանին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն. խոսակցություններ եղել են. Մարինա Թաշչյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, որն այլևս ընդգրկված չի լինի ՀՖՖ Գործադիր կոմիտեում, լրագրողների հետ զրույցում մի շարք խնդրահարույց թեմաների է անդրադարձել.

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՖՖ նախագահի ընտրությունների արդյունքները:

-Խայտառակ. ճիշտն ասած՝ չէի ուզում խոսել, քանի որ գիտեմ, որ տարաբնույթ մեկնաբանություններ կլինեին իմ խոսելուց հետո, բայց չկարողացա լռել, որոշեցի խոսել: Սա խայտառակ շոու էր, և ոչ՝ ընտրություններ: Այսինքն, ամեն ինչը նախապես պայմանավորված էր, արված էր, անելիք չկար այստեղ: Ես ընտրությունների ժամանակ հասկացա՝ ինչը ինչ էր: Գուցե՝ ֆուտբոլային մարդիկ չհասկանային, բայց մարդիկ, ովքեր ֆուտբոլում եմ, գիտեն: Ես 40 տարի է ֆուտբոլում եմ, և նման խայտառակ բան չէի տեսել:

-Կբացե՞ք փակագծերը:

-Կարծում եմ՝ բոլորի համար պարզ էր, որ ամեն ինչը նախապես ծրագրած էր: Չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջարկել ֆուտբոլային ակումբներին: Իմ թեկնածությունն առաջադրվել էր «Նորացված Փյունիկ» ակումբի կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ ՀԿ-ն չմասնակցի ընտրություններին:

-Ինչո՞վ կբացատրեք դա:

-Երևի՝ ես իրենց խանգարում եմ ֆուտբոլում:

-Կշարունակե՞ք աշխատել ֆեդերացիայում:

-Ես մեկ տարուց ավելի է՝ չեմ աշխատում ֆեդերացիայում: Այո, Գործադիր կոմիտեի անդամ էի, բայց իրենք որոշեցին, որ այլևս չպետք է լինեմ ֆեդերացիայում:

-«Նորացված Փյունիկ» ակումբը կապ ուներ Ռուբեն Հայրապետյանի հետ: Գուցե դա՞ էր պատճառը …

-«Նորացված Փյունիկ» ՀԿ-ի տնօրենը Ռուբեն Հայրապետյանի տղան էր, բայց ես չգիտեմ, թե դա որքանով կապ ուներ: Անգամ տեղյակ չեմ եղել, թե որ թիմից եմ առաջադրված եղել: Սկզբում ներկայացած եմ եղել «Աչաջուրի» կողմից, մի քանի օր անց տեղեկացա, որ նրանց ներկայացուցիչը եկել է ֆեդերացիա ու ասել, որ այլ թեկնածու ունեն: Չգիտեմ՝ ինչու մտափոխվեցին: Չեմ կարող ասել:

-Այս ընտրությունները հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում, հայկական ֆուտբոլն ինչպե՞ս է զարգանալու:

-Չգիտեմ:Ժամանակը ցույց կտա: Բայց կարծում եմ՝ ֆուտբոլն այսպես չի զարգանա:

-Արմեն Մելիքբեկյանի որակներն ինչպե՞ս կգնահատեք:

-Կարծում եմ՝ Դուք ավելի լավ կգնահատեք: Շատ լավ խոսում է, տեսնենք՝ գործում ինչ կանի: Կներեք բայց այդքան գումար յուրաքանչյուրը կարող է տալ և բերել տեխնիկական տնօրեն, մրցավարական բաժնի պետ: Թող դա անեին տեղի կադրերով:

-Ընտրական գործընթացում ի՞նչ եք տեսել, որ որակում եք որպես խայտառակություն: Թեկնածուն իրավունք չունե՞ր հանդիպել ակումբների հետ:

-Միայն այն, որ թեկնածուի շտաբը գտնվում էր ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում, արդեն բավական է, որ հասկանաք: Մի քանի օր նա պետք է գործի չգար, վերցներ արձակուրդ: Կամ եթե որոշեցին, որ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշ ՀԿ-ի անդամությունը պետք է կասեցվի, ինչո՞ւ ակադեմիայի անդամությունը չկասեցրին:

-Կարծո՞ւմ եք՝ ճնշումներ եղել են ընտրողների վրա:

-Կարծում եմ՝ այո:

-Նշեցիք, որ գուցե խանգարում էիք իրենց ֆեդերացիայում: Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ հարաբերություններ եք ունեցել Արմեն Մելիքբեկյանի և իր թիմի հետ:

-Մասնակցել եմ Գործկոմի նիստերին: Երբ Արթուր Վանեցյանը դեռ ԱԱԾ տնօրենն էր, Գործկոմի նիստերը շատ հարթ էին անցնում: Երբ ազատվեց այդ պաշտոնից, սկսվեցին տարաձայնություններ նաև ՀՖՖ Գործկոմի նիստերի ընթացքում: Չեմ կարող ասել, թե ով էր ստեղծում նման իրավիճակ: Ես ֆուտբոլային մարդ եմ: Ինձ համար կարևորն այն է,որ մեր ֆուտբոլը զարգանա, բայց այսպիսի մթնոլորտում նույնիսկ մեր հավաքականները չեն կարող լավ խաղ ցուցադրել:

-Արդյոք պատրաստվո՞ւմ եք որևէ քայլ ձեռնարկել:

-Ոչ, ի՞նչ կարող եմ անել: Եթե նրանք իմ ֆուտբոլային գիտելիքների կարիքը չունեն, ուրեմն ես այլևս ոչ մի քայլ չեմ ձեռնարկի: Բայց ես պայքարելու եմ մինչև վերջ:

-Մեսրոպ Առաքելյանի հայտարարությանն ինչպե՞ս կարձագանքեք , որում նա ասում էր, որ Հենրիխ Մխիթարյանին պետք է զրկել ավագի թևկապից:

-Որդուս հետ չեմ քննարկել, քանի որ չեմ ցանկանում որ իրեն վատ զգա: Ես ինքս զանգահարել եմ ֆուտբոլի ֆեդերացիա և պահանջել եմ, որ ՀՖՖ-ն արձագանքի պարոն Առաքելյանի այդ հայտարարությանը: Եվ միայն դրանից հետո նրանք արձագանքեցին: Բայց կարծում եմ՝ ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ընդհանրապես խայտառակեր այդ մարդուն:

-Ձեր հետագա գործունեության մասին կխոսե՞ք: Մնալո՞ւ եք ֆուտբոլում:

-Ինչպե՞ս կարող եմ մնալ ֆուտբոլում, երբ ՀՖՖ-ում այլևս չեմ աշխատում ու Գործադիր կոմիտեում էլ չեմ ընտրվել:

-Իսկ եթե որևէ աշխատանք առաջարկեն ՀՖՖ-ում… ի՞նչ աշխատանք կցանկանայիք ստանալ:

-Այս պահին ոչ մի: Կցանկանայի թոռնիկ մեծացնել (ժպտում է):

-Արմեն Մելիքբեկյանն իսկապե՞ս չարաշահումներ է թույլ տվել՝ հավաքականի հետ արտագնա խաղերին տանելով իր զոքանչին և աներոջը:

-Այո, եղել է նման բան: Պարոն Մելիքբեկյանին էլ եմ ասել, որ դեմ եմ նման գործելաոճին: Նախորդ ուղևորությանը իր զոքանչն ու աներն էին եկել, Իտալիա զբոսաշրջիկի կարգավիճակով երկրպագուներ էին եկել: Ես դեմ եմ նման բաների: Հավաքականի ֆուտբոլիստներին էլ ճնշում այն հանգամանքը, որ չարթերային թռիչքի ժամանակ ինքնաթիռի մեջ օտար մարդիկ են լինում: Սա տուրիստական կազմակերպություն չէ:

-Ժողովի ավարտից հետո ինչ-որ բան էիք քննարկում Արմեն Մելիքբեկյանի հետ: Ինչի՞ մասին եք զրուցում:

-Ասում էի՝ այս հարցն այսպես չեմ թողնելու և որ շատ ասելիք ունեմ: ՈւԵՖԱ-ի՝ ժողովին ներկա պատվիրակներին արդեն ասել եմ իմ մտահոգությունների մասին:

-Մտավախություն չունե՞ք, որ Ձեր հայտարարությունները ֆեդերացիան կարող է նաև Հենրիխի դեմ օգտագործել:

– Ֆեդերացիան Հենրխի դե՞մ. թող օգտագործի: Դա իրենց միայն վնաս կտա, օգուտ չի տա … արդեն օգտագործել են:

-Նշեցիք, որ միայն մեկ անգամ եք հավաքականի հետ արտագնա խաղի մեկնել, և դա եղել է Իտալիա-Հայաստան խաղի ժամանակ: Դա այն ուղևորությունն էր, որի ժամանակ խնդիր առաջացավ Արմեն Նիկողոսյանի և Արմեն Մելիքբեկյանի բացակայության առումով …

-Նրանք չեն եղել, քանի որ ես եմ եղել: Դա ինձնով է պայմանավորված: Արդյոք խնդի՞ր կա մեր մեջ … երևի՝ իրենք այդպես են կարծում: Ես ամեն դեպքում իրենց հետ ոչ մի խնդիր չունեմ: Չեմ ցանկանա շատ բան ասել, այս ամենը կապել Հենրիխի հետ: Եթե գտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն:

-Այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք:

-Խոսակցություններ եղել են:

armsport.am

Back to top button
Close