Նորություններ

Մոսկվայի համար միանշանակ վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելը հնարավոր է միայն պետական ինքնությունից լիովին հրաժարվելու միջոցով

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ ուզում ասել, որ այսօրվա Ռուսաստանի հետ հարաբերություններում չի կարելի ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել, կամ հնարավոր չէ այնտեղ որոշ չափով նվազեցնել Հայաստանի մասին բացասական տեղեկությունների տարածումը: Բայց ձեռք բերել Մոսկվայի համար միանշանակ վստահելի գործընկերոջ համբավը, կամ առավել ևս նրան դարձնել Երևանի վստահելի գործընկեր՝ հնարավոր է միայն պետական ինքնությունից լիովին հրաժարվելու միջոցով: Թեպետ դա էլ դեռ երաշխիք չէ: Մեզ միշտ կասկածելու են «դավաճանության» մեջ ու պարբերաբար ազդակներ են ուղարկելու, որ մենք ազգային շահեր ունենալու իրավունք չունենք:

Ուրեմն ավելի սառնասիրտ է պետք լինել, ամեն մի «ոչ-գործընկերային» դրսևորումից խուճապի մեջ չընկնել, արժանապատիվ ու քաղաքակիրթ ձևով արձագանքել՝ չակնկալելով, որ այնտեղ անպայման պիտի հետևություններ արվեն: Միևնույն ժամանակ պետք չէ վախենալ, որ այդպիսի պատասխանից հարաբերություններում ինչ-որ բան էականորեն դեպի վատն է փոխվելու:

Ու ամենակարևորը՝ պահպանելով երկկողմանի (այդ բառը շեշտում եմ) բոլոր պարտավորությունները՝ անշեղորեն անել այն, ինչ բխում է պետության շահերից և մեր հասարակության դրվածքից: Իրենց թոք-շոուները և այլ նմանատիպ հարթակները բոլորովին պետք չէ որպես կողմնորոշիչ գործոն դիտարկել»:

Back to top button