ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ռոբերտ Քոչարյանը պետք է սսկվի բանտում. Արամ Մանուկյան

«Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքը գնահատում եմ հուսադրող, լավատեսական, որովհետև արված գործընթացը բավարարում է, ակնհայտ առաջընթաց կա»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում այս փուլում Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքը: Նրա խոսքերով՝ այն, որ չորսի գործը հասնում է դատական փուլի, դա արդեն առաջընթաց է.

«Դա այն ոլորտն է, որտեղ մենք ամեն ինչով պատրաստ ենք աջակցել: Այն մեր երկրի արժանապատիվ շարունակության խնդիրն է»,- նշեց նա:

Արամ Մանուկյանն, անդրադառնալով այն պնդումներին, թե այս գործով բազմակողմանի քննություն չի ընթանում, նշեց, որ չկա երկրորդ կողմ, եղել է իշխանություն, որը կրակել է ազատ քաղաքացու վրա.

«Կա դահիճ, կա ոճրագործ, կա ազատ քաղաքացի: Սա իրավական գործ չէ, ժողովուրդը դատելու է, նա խնդիր է դնում իր գողացած արժանապատվությունը վերականգնելու»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ Մարտի 1-ին զոհվածների հարազատներին պետք է փոխհատուցում տրվի, նրանց հիշատակին պետք է հուշարձան կանգնեցվի, ըմբոստացման, պայքարի օր նշանակվի.

«Ռոբերտ Քոչարյանը պետք է սսկվի բանտում»,- նշեց նա:

Մեր հարցին, թե դժվա՞ր չէ 11 տարի անց գործն ամբողջությամբ բացահայտել, Արամ Մանուկյանը նշեց. «Մենք փաստերը 11 տարի խնամքով հավաքել ենք և հանձնել իշխանություններին»:

Ըստ նրա՝ բոլոր պաշտոնյաները մեկը մյուսի նկատմամբ ցուցմունք են տալու, և բացահայտվելու է Մարտի 1-ը:

 

Back to top button