Նորություններ

«Շատերն իրականում կամ չեն միացել, կամ չեն իմացել՝ ինչին են միանում, որոշ դեպքերում էլ ավելի շատ Սիրուշոյի կամ Սյուզան Մարգարյանի համար են միացել»

Հայաստանի և Ռուսաստանի արվեստի ու մշակույթի շուրջ 60 գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել կալանքից ազատել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ստորագրահավաքը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Մշակույթի գործիչներից ոմանք հերքեցին, որ իրենք տվել են ստորագրություն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

 

Արմեն Վարդանյան

ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն, անդրադառնալով Քոչարյանին աջակցություն ցուցաբերած մշակույթի գործիչների հայտարարությանն, ասաց, որ այդբովանդակ գործողություններն արհեստական են և շատ դեպքերում «խաթրից չանցնելու» համար են իրականացվում:

«Ճիշտն ասած, այնպիսի տպավորություն է, որ դա արհեստականորեն ստեղծված գործընթաց է, քանի որ շատերն իրականում կամ չեն միացել, կամ չեն իմացել՝ ինչին են միանում և որոշ դեպքերում էլ ավելի շատ Սիրուշոյի կամ Սյուզան Մարգարյանի համար են միացել: Կան մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանին չեն էլ ճանաչում՝ ով է, պարզապես նախկինում քաղաքական դիրքորոշում են ունեցել, ընկերական խնդրել են, և իրենք էլ մասնակցել են այդ գործընթացին՝ որոշ դեպքերում չհասկանալով՝ ինչի տակ են ստորագրում: Այնպիսի տպավորություն է, որ որոշ դեպքերում ուղղակի այդ մարդկանց ծուղակն են գցել»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով մշակույթի գործիչների ստորագրությանն առնչվող հերքումներին՝ նա հավելեց. «Ինձ թվում է՝ այստեղ մանիպուլյացիոն գործընթացներ են տեղի ունեցել, միգուցե այլ բանի տակ են ստորագրել, նրանց ասել են՝ այլ բանի տակ ստորագրեք, ոչ թե Քոչարյանին ազատ արձակելու, այլ, ասենք թե, արդար դատաքննության կամ այլ պատրվակով, և մարդիկ առանց խորանալու էության մեջ՝ համաձայնություն են տվել բանավոր կարգով, որ իրենք էլ են միանում այդ գործընթացին»:

Ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Աշնանն ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ էր ուզում Քոչարյանն ասել այդ հայտարարությամբ, և քաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ աշնան ականատեսը եղանք, Վարդանյանն ասաց.

«Որպես այդպիսին թեժ աշուն չեղավ, մի քանի սովորական փողոցային բողոքի ցույցեր, որոնք չտարածվեցին, չընդլայնվեցին: Քոչարյանի աջակիցները բացարձակապես չեն կարող իշխանության համար գլխացավանք դառնալ, քանի որ նրանցից շատերը հախուռն են գործում, ոմանք, ավելի ճիշտ մեծամասնությունը, փողի համար են ընդգրկվել և իրենք էլ շահագրգռված չեն իշխանությունների դեմ երկարատև պայքարի: Նրանց մեծ մասը վարձկաններ են, ոչ թե գաղափարական մարդիկ, որոնք պատրաստ են երկարատև պայքարի իշխանությունների դեմ: Իրենց ամբողջ նպատակը դա է, սա ակնհայտ է, որովհետև ամեն կերպ փաստաբանները ձգձգում են դատական գործընթացը, բուն դատավարությունը, իսկ Քոչարյանի համար փորձում են տարբեր քաղաքական ուժեր միավորելով՝ ստեղծել ինչ-որ պլատֆորմներ՝ իշխանության համար խնդիրներ ստեղծել: Հենց այդ նպատակով էր «Վերնատուն» կոչված խմբի ստեղծումը. նրանք փորձել են նաև այլ քաղաքական ուժերի կոնսոլիդացնել, բայց դա չի ստացվի»:

Քաղաքագետը նաև անդրադարձել է օրեր առաջ ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութին, որում առկա են փաստական տվյալներ, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Չեմ ուզում բացառել անմեղության կանխավարկածը, բայց չեմ էլ կարող բացառել, որ նաև այդ ճանապարհով կարող էին հարցերը լուծել: Նրանք ամեն ինչ անելու են, որ դատական գործընթացը չսկսվի, և այդ ընթացքում տարբեր խնդիրներ են լուծում: Նմանատիպ գործելաոճն իրենցից սպասելի է»:

Հիշեցնենք, որ համաձայն տեսանյութի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի:

 

Back to top button
Close