Սամվել Բալասանյանը դժգոհ է Շիրակի մարզի պատգամավորների աշխատանքից

Գյումրի համայնքի ավագանու այս տարվա վերջին նիստը կայացավ:
Օրակարգային կարևոր հարցերից էին Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու նախագծերը:
Տարիներ շարունակ քաղաքապետարանի աշխատակազմը գրեթե փոփոխության չի ենթարկվում: Գյումրիի համայնքապետարանում կա 227 աշխատակից: Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցների թիվը 244 է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սուսան Աստոյանին հետաքրքրում էր աշխատավարձերի չափը: Ինչու՞ է բոլոր ՀՈԱԿ-ների տնօրենների աշխատավարձերը նույն չափի, այն պարագայում, երբ տարբեր մեծությամբ հաստատություններ են նրանք ղեկավարում:
Քաղաքապետն էլ անդրադառնալով այս հարցադրմանը՝ դժգոհեց երկրորդ քաղաքին տրվող դոտացիայի չափից: Խոսեց նաև պատգամավորների աշխատանքից, ասաց՝ այս հարցը նրանք պետք է բարձրաձայնեն խորհրդարանում:
ԳԱԼԱ խմբակցությունից Արմենուհի Վարդանյանը բարձրաձայնեց քաղաքապետարանի աշխատակիցների թվի վերաբերյալ հարցադրումը՝ ինչո՞ւ չի վերանայվում ուռճացված աշխատակիցների թիվը: Խմբակցությունը նաև պահանջեց համայնքապետարանի աշխատակիցների անվանացանկ, քանի որ, Արմենուհի Վարդանյանի խոսքերով, կան կասկածներ՝ հրապարակված ցանկի իրական լինելու հետ կապված:
Ամանորին ընդառաջ սոցիալապես անապահով թվով 124 անձ կստանա դրամական օգնություն: Համայնքի բյուջեից մի քանի հաստատությունների ևս դրամական աջակցություն կտրամադրվի:
Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի թվով 18 սոցիալական բնակարաններ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն սոցիալական բնակարանների ծրագրում ընդգրկված և որպես շահառուներ ճանաչված անձանց:
ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը նաև հարց բարձրաձայնեց՝ կապված մաքսատան տարածքում համայնքապատկան հողերի վրա տեղադրված ապօրինի շինությունների հետ: Ինչո՞ւ տարածքը չի ազատվում կրպակներից, որոնք ապամոնտաժելու մասին օրեր առաջ հայտարարել էր Գյումրիի քաղաքապետարանը: Սակայն հայտարարությունից հետո դրանք ոչ միայն չեն հեռացվել տարածքից, այլև այս ընթացքում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են տեղի ունեցել:
Արտահերթ նիստում ներկայացված էր նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը», որի ներկայացուցիչը մանրամասն պարզաբանեց ծավալուն ուսումնասիրությունը՝ Գյումրի քաղաքի վերաբերյալ: Կային մտահոգիչ տվյալներ՝ կապված օդի աղտոտվածության, կանաչ գոտիների սակավության հետ:
Եվ վերջում՝ հաստատվեց Գյումրի համայնքի 2020 թվականի բյուջեի նախագիծը. եկամուտները կազմում են 3.992.675 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 3.992.675 հազար դրամ: