Նորություններ

Զինկոմիսարիատի շենքը փլուզվել է մարդկանց գերծանրաբեռնվածությունից. Արծրուն Հովհաննիսյան. Փաստինֆո

Հալաբյանում 19ա հասցեում գտնվող Զինվորական կոմիսարիատի շենքը փլուզվել է մարդկանց գերծանրաբեռնվածությունից։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Շատ մարդ է հավաքվել՝ ծնողներ, երեխաներ։ Դրսում ցուրտ է եղել և մարդկանց հրավիրել են ներս, կուտակումներ են եղել, իսկ շինությունը հին շենք է և փլուզվել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ՊՆ շինությունների մի մասը վթարային վիճակում է։ «ՊՆ հնարավորություններն այդքան են, եթե հնարավորություն լիներ, այդ շենքը պետք է հիմնովին վերակառուցել։ նման շենքեր շատ կան, որոնք պետք է հիմնովին վերակառուցել»,- նշեց Հովհաննիսյանը։ Նշենք, որ Զինվորական կոմիսարիատի փլուզման հետևանքով տուժածների թիվը 11 է։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տուժածները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել, այլ՝ քերծվածքներ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին ՝ ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Կա 11 տուժած:

Փաստինֆո

Back to top button
Close