Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի քրոջ որդին 180 մլն դրամի աղբամաններ է մատակարարելու. Դավիթ Խաժակյան

Մայիսին Երևանի քաղաքապետարանում կայացել է աղբամանների գնման ընթացակարգի հանձնաժողովի նիստ, որը նախագահել է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը: Պարզվում է, մասնակիցը, որը հաղթել է 180 մլն դրամանոց մրցույթը, հանդիսանում է պարոն Խաչիկյանի հարազատ քրոջ հարազատ որդին:
Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով քիչ առաջ տեղեկացրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Խոսքը «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ի մասին է, որը մրցույթում հաղթել է մայիսի 29-ին: Սեպտեմբերի 25-ին էլ պարոն Խաչիկյանը ստորագրել է շահերի բախման մասին փաստաթուղթ, որով հիմնավորում են, որ կազմակերպությունը, որը մասնակցում է մրցույթին, մերձավոր բարեկամի չէ:
Հիմա ինձ կասեն, որ քրեական օրենսգրքով քրոջ որդին մերձավոր չէ, բայց մենք գիտեն, թե դա ինչ կապ է նշանակում»,- ներկայացրեց Երևանի ավագանու անդամը։ Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ՝ աղբամանների մատակարարման մրցույթին մասնակցել է երեք ընկերություն, որոնցից ամենաէժան գինն առաջարկել է «Գավառտրանս» ՍՊԸ-ն, բայց քաղաքապետարանն ընտրել է մի քանի ամիս առաջ ստեղծված «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ին, որի միանձնյա սեփականատերը՝ Աշոտ Կամոյի Թիրաբյանը, գրանցված է Իջևան քաղաքում:
Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Արարատ Խաչիկյանը ազատվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի պաշտոնից։