ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«ԱԱԾ-ն սաղ պարերը պարել էր, մնացել էր գյումրվա տրնգին. կասկած կա, որ ռևանշիստների խումբն ԱԱԾ-ում թիմ ունի». Լ. Բարսեղյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, նշել է․«Նոր իշխանության համար պետք է անակնկալ չլիներ այս վիճակը, երբ իսկապես պետական ապարատը, կամ նոմենկլատուրային ապարատը պետք է դիմադրեր, որովհետև եթե իսկապես համակարգը կոռուպցիայի վրա է աշխատում, ասենք, պայմանականորեն հարկային տեսուչն աշխատում է կաշառքով, քան թե աշխատավարձով, երբ գալիս ասում ես, որ կաշառք չի լիելու, տեսուչն էլ հասկանում է, որ կաշառք չի լինելու, իր աշխատանքի հավեսը պիտի փախնի։

Ամոթալի չէ, որ նոր եկած իշխանությունը գործադիր կառավարման փորձ չունենալով՝ պետք է այս անակնկալին բախվեր։ Հարկավոր է անհապաղ մեխանիզմներ մշակել, դրանք վաղուց պետք է մշակվեին այս մեկ տարվա ընթացքում։ Ովքե՞ր պետք է մշակեին՝ նորերը, նորարարները, բանիմաց մարդիկ»։

Անդրադառնալով օրերս իրավապաշտպան Արթուր Սաքունցին ուղղված Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարությանը, Լևոն Բարսեղյանը նշել է. «ԱԱԾ-ն սաղ պարերը պարել էր, մնացել էր գյումրվա տրնգին։ Պարերի ցանկը մենք հրապարակեցինք, որ իրենք պետք է պարած լինեին»։

Նշենք, որ 6 հասարակական կազմակերպություն  դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջով, որ նա հանձնարարի իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել մի շարք հանցագործությունների բացահայտմամբ։

«Զբաղվեք տղերք, պարոնայք, տիկնայք սպաներ։ Արե՛ք ձեր գործը։ Թե չէ 4 կաշառակեր բռնել, 3 դեպք բացահայտել… ներողության, դրա համար կա ոստիկանություն, կա քննչական, կա ՀՔԾ, դատախազություն… Էդ ձեր գործը նստել նայե՞լն է, թե հասարակական գործիչներն ի՞նչ կոչեր են անում, ի՞նչ քննադատության են ենթարկում ձեզ ու նստել 2 էջանոց հայտարարություն ճպցնե՞լն է։ Տեքստեր գրել չգիտե՞նք մենք։ Այնքան տեքստ գրենք, որ տակը մնաք, դուրս չկարողանաք գալ այդ տեքստերի տակից։ Ազատ թեմայով շարադրություն են գրել սրանք»։

Լևոն Բարսեղյանի մյուս կասկածն այն է, որ այսպես կոչված ռևանշիստների խումբն ԱԱԾ-ում թիմ ունի, որոնք համարում են, որ լավ չէր, որ հեղափոխություն եղավ։ Բարսեղյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կապ չունի այդ հայտարարության հետ, բայց ընդգծում է՝ կարող է արձագանքել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Ավելին
Back to top button
Close