Նորություններ

«Ինչի՞ համար են լրագրողների փոխայցերը, որ ադրբեջանցի լրագրողը ներկայացնի, որ Հայաստանը թո՞ւյլ է, որ կլանային պատերա՞զմ է տեղի ունենում»․ Գագիկ Համբարյան

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի լրագրողական խմբերի փոխայցեր, որի հիմնական նպատակն է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով լրագրողական եռօրյա փոխայցերին, նշեց, որ դա ինքնանպատակ և անիմաստ գործընթաց է, որին ինքը կտրականապես դեմ է.

«Հաշվի առնելով ադրբեջանական հակահայկական հռետորաբանության սաստկացումը, գտնում եմ, որ ավելորդ է: Ինչի՞ համար են այս փոխայցերը տեղի ունենում, եթե երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, և երկու երկրներից մեկի քարոզչամեքենան բացահայտ հակակրանք է սերմանում, ատելություն է ստեղծում: Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ հակակրանքի և թշնամության սերմանում է տեղի ունենում սեփական հասարակության մեջ»:

Անդրադառնալով լրագրողական փոխադարձ այցերի տված արդյունքներին՝ Գագիկ Համբարյանը շեշտեց. «Որևիցե դրական արդյունք այս այցից ես չէի սպասում, և դա այդպես էլ եղավ, ավելին՝ այցն ավելի շատ բացասական հետևանքներ ունեցավ, որովհետև 3 ադրբեջանցի լրագրողները, ովքեր եղել էին Հայաստանում, նախ փորձեցին կեղծել տեղեկությունները, որ իբրև իրենք չգիտես ում են հանդիպել, այն դեպքում, երբ հանդիպումներ տեղի չեն ունեցել: Նրանք այցի արդյունքների հիման վրա սեփական հասարակությանը ներկայացրին շատ աղքատ, սոված, անպաշտպան Հայաստան, և դրանով կարելի է նշել, որ շատ մեծ էներգիա տվեցին հակահայկական քարոզչությանն Ադրբեջանում, և մեխանիկորեն հիմա լայն քննարկում է Ադրբեջանում, այսինքն՝ քանի դեռ Հայաստանը գտնվում է այդպիսի շատ վատ վիճակում՝ սոված, աղքատ և թույլ, Ադրբեջանը շատ լավ կլինի, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Ահա այդ փոխադարձ այցի արդյունքը»,- հավելեց պատմաբանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյոք ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ողջ գործընթացը բլեֆ է, պատմաբանը պատասխանեց. «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը պետք է լինի երկուստեք: Եթե հայկական կողմը ժողովրդին նախապատրաստում է խաղաղությանը, իսկ ադրբեջանական կողմը բացարձակ նպատակ չունի խաղաղության ձեռք մեկնման և փոխզիջումների Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններում, ինչ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին է խոսքը: Ես չեմ հասկանում՝ իմաստը ո՞րն է. եթե դուք ձեռք եք մեկնում, և հակառակ կողմն անտեսում է, ասեմ ավելին՝ ապտակում է ձեզ, ի՞նչ խաղաղության կամ երկու ժողովուրդների ինչ բարիդրացիական հարաբերությունների նախապատրաստման մասին է խոսքը»:

Գագիկ Համբարյանը հավելեց. «Այդ պարտվողական, սեփական ուժերին չհավատալու, զիջողական դիվանագիտական թոհուբոհը պարոն Փաշինյանի կառավարման շրջանում, որ սկսվել է, ինչո՞վ է պայմանավորված: Ինչը որ մեզ հրամցվում է Արևմուտքից, պետք չէ հալած յուղի տեղ ընդունել:

Այս ամենն ինքնանպատակ չպետք է լինի. ինչի՞ համար են հանդիպում, ինչի՞ համար են այդ փոխայցերը, որպեսզի ադրբեջանցի լրագրողը գնա և Ադրբեջանին ներկայացնի, որ Հայաստանը թո՞ւյլ է, որ Հայաստանում կլանային պատերա՞զմ է տեղի ունենում:

Գագիկ Համբարյանը շեշտում է. «Հայկական կողմը հեշտությամբ պետք է հրաժարվեր այսպիսի կապիկություններից: Ես այդ փոխադարձ այցերը համարում եմ կապիկություն:

Նա նաև հավելեց, որ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր ագրեսիվ հռետորաբանությունից, Հայաստանի և Արցախի հետ խոսելու իր վերջնագրային մեթոդներից, ժողովուրդների միջև որևիցե խաղաղության կամ փոխայցերի մասին խոսք լինել չի կարող:

 

Back to top button
Close