Նորություններ

Ինչու՞ է «Լուսավոր Հայաստանը» հետ կանչելու Դավիթ Խաժակյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  քննարկում է  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար   Դավիթ Խաժակյանի գործունեությունը դադարեցնելու հարցը: Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հանդես են  եկել  մամուլի ասուլիսով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու է կուսակցությունը քննարկում Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու հարցը:

Մարուքյանն ընդգծել է, որ  նախկինում էլ մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է. «Երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարցը, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Ինչպես գիտեք, ԼՀԿ-ն Երևանի ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ՝ Դավիթ Խաժակյանը, և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում, հետևաբար, որևէ պատասխանատվություն չենք կրի այնտեղ գործունեության համար»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ խմբակցության ղեկավարը մատնանշում է. «Բանն այն է, որ ԼՀԿ-ն  պատասխանատվություն է կրում ավագանիում «Լույս» խմբակցության գործունեության համար, որի վրա ազդեցություն չունի»:

Մանե Թանդիլյանն էլ հայտարարել է. «Լուսավոր Հայաստանն  ունի իր օրակարգը, հետևաբար, երբ կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այդ խմբակցությունում կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է: Այս առումով մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, և կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի համար»:

Back to top button