Նորություններ

Յուրօրինակ նախագիծ, որը գիտելիքի հետ միաժամանակ ուղերձներ է հասցնում եւ տրամադրություն հաղորդում զինվորին

2019թ.-ի դեկտեմբերի 13-15-ը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում եւս մեկ այցելություն է կատարվել Արցախի Հանրապետություն՝ Ստեփանակերտի, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մատաղիսի, Ն. Հոռաթաղի եւ այլ բնակավայրերի զորամասեր:

ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի անդամները և գիտակրթական, մշակութային տարբեր օջախներ ներկայացնող հայտնի մասնագետները տարբեր նախաձեռնություններով հանդես եկան Արցախի զորամասերում:

Հայտնի մտավորականները թեմատիկ դասախոսություններով հանդես եկան զինվորական անձնակազմերի առջև՝ «Հայկական հողերի միավորումը Արտաշես 1-ինի օրոք», «Կոմիտաս եւ ազգային մտածողություն», «Հայաստանի 1-ին հանրապետությունը», «Ավարայրի ճակատամարտի դասերը» եւ բազմաթիվ այլ թեմաներով: Գիտաշխատողները պատասխանեցին նաեւ զինծառայողների հարցերին:

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը ՀՀ ԶՈՒ անձնակազմի հայրենասիրական և հոգևոր դաստիարակության կարեւոր առաքելություն ունի: Այն յուրօրինակ կամուրջ է, որը գիտելիքի հետ միաժամանակ ուղերձներ է հասցնում եւ տրամադրություն հաղորդում զինվորին, իսկ մտավորականությանն ուղղորդում այնտեղ, որտեղ նրանց խրատների եւ խորհուրդների կարիքը կա, եւ որտեղ ամեն անգամ հերոս տղաների հետ շփվելուց հետո մասնագետների մոտ ավելանում է կրկին այցելելու ցանկությունը:

ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի անդամները զորամասերում նորակոչիկների շրջանում շարունակեցին հարցումների շարքը, որը վերաբերում է ծխախոտից կախվածությանը և այդ վնասակար սովորույթից հրաժարվելու հնարավորությանը վերաբերող հարցերին: Շուտով կամփոփվեն հարցումների արդյունքները: Իսկ մինչ այդ, հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը հույս է հայտնել, որ ծխող պատանիները կհրաժարվեն այդ վնասակար սովորույթից:

Հասարակական խորհրդի անդամները շրջայց կատարեցին նաև զորամասերի տարբեր ենթակառույցներում, ծանոթացան նոր շինությունների կառուցման, բարեկարգման և զինծառայողների սննդի կազմակերպման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետություն նմանատիպ այցելություն եղել էր նաեւ նոյեմբերի 15-17-ը:

Back to top button
Close