Նորություններ

Ձմռանը նախապատրաստվելու և նվեր ստացած տեխնիկայի մասին

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են: Արդեն պահեստավորվել է 2000 տոննա աղ և 3000 տոննա ավազ:

Ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան պատրաստ է. բազմագործառութային բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանի:

«Այս պահին ունենք 21 միավոր տեխնիկա, որոնք սարքավորված են ձմեռային տարեշրջանի համար և սպասում ենք ևս 8-ին, որոնցից 3-ն արդեն ժամանել են Հայաստան, իսկ ևս 5-ը նախատեսում ենք այս տարվա ընթացքում»,-նշում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

ՀՈԱԿ-ի աշխատակիցները պատրաստ սպասում են առաջին ձյանը:
«Բոլոր վարորդներն ունեն իրենց հրահանգները և ձյան գալու դեպքում դուրս են գալիս: Պատասխանատուներ կան, որոնք կոնկրետ մեքենաների ուղղություններով են զբաղվում: Ամբողջ գիշեր պտտվում են տեղամասերում, և եթե է ձյուն էլ չկա, բայց մերկասառույց լինի, այդ պարագայում ևս դուրս են գալիս մեքենաները, և աղ ենք ցանում»,-ասում է Արմեն Գրիգորյան:

Մատակարարի կայանում գտնվող երեք բազմագործառութային մեքենաները ևս շուտով կտեղափոխվեն համայնքային հիմնարկի հավաքակայան: Ձմռանը նախապատրաստվելու ընթացքին օրերս ծանոթացավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի կարող է անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,-ընդգծել էր քաղաքապետը:

Տեխնիկայի հավաքակայանի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում աշխատող ընկերություններն ու գործարար անհատները: Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ձնամաքրող, այլ նաև աղբատար մեքենաներ:
«Մենք այստեղ ապրում, աշխատում ենք, բայց մեզ զգում ենք Երևանի լիարժեք բնակիչ: Երբ իմացանք, որ քաղաքապետարանն աղբահանության համար հատուկ տեխնիկայի կարիք ունի, նախաձեռնություն հանդես բերեցինք և որոշեցինք աջակցել: Թեև աջակցությունը մեծ չէ, սակայն ուրախ ենք, որ այն օգտակար կլինի քաղաքին»,- ընդգծում է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Ջոու Հոնյոն:

«Մենք բոլորս խոսում ենք, որ սիրում ենք մեր քաղաքը, երկիրը: Ինձ թվում է՝ խոսելուց բացի ամեն մեկս պետք է իր լուման ունենա, որ կարողանանք կերտել լավ քաղաք: Մեր որոշման հիմքում ի սկզբանե եղել է հենց այդ գաղափարը»,- նշում է «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ գլխավոր մենեջեր Գևորգ Գևորգյանը:
«Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Երևանում, և ստանում ենք բավական շահույթ: Որոշեցինք, որ այդ շահույթից ինչ-որ բանով պետք է օգնենք նաև քաղաքին: Կոչ կանենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում Երևանում և, եթե ի վիճակի են, կարող են օգնել, իրենց լուման ներդնեն քաղաքի բարօրության համար»,-ասում է«Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հայկ Իսրայելյանը:

«Հեղափոխության շնորհիվ մեզ նման ոչ մեծ հնարավորություն ունեցող մարդիկ կարողացան համախմբվել, ստեղծել ընկերություն ու նաև այդպիսի քայլով հանդես գալ: Ամռանը հիշում եք՝ ինչ իրավիճակ էր քաղաքում: Ընկերության չորս հիմնադիրներով որոշեցինք քաղաքի համար անել մի բան, որը կլինի նաև օրինակ: Դա ի սրտե եղել է մեր ցանկությունը»,-ասում է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ համահիմնադիր Արմեն Ասատրյանը:
«Հասկանալով, թե ինչ խնդիրներ կան քաղաքի մաքրության ապահովման ոլորտում ես եմ առաջարկել, որ եթե ինչ-որ ձևով կարող ենք օգտակար լինել, ապա ասեն մեզ: Որևէ բան ստանալու ակնկալիք չունեինք: Ես արել եմ դա զուտ մարդասիրական նպատակներով՝ իմ քաղաքի ու երկրի համար: Կարծում եմ՝ բոլորն էլ պետք է նման քայլի գնան»,- նշում է «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ հիմնադիր Էդվարդ Աբրահամյանը:
Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված գործելաոճ է:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն են անում կամ բարեգործություն են անում Երևանի համար: Սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև թեև Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք շատ ավելի շատ են քան բավարարում է բյուջեն: Եվ ուստի մեզ պետք է մեր հայրենիքում ու սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը»,-ասել էր քաղաքապետը:
Քաղաքը գործարարներից ընդունում է և ընդունելու է օժանդակություն՝ համայնքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածքների, հանրային գոտիների բարեկարգում, այլ գույք կամ ծառայություն: Նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով օր առաջ բարելավել քաղաքային միջավայրը:

 

Back to top button
Close