Նորություններ

Պետությունը պետք է ապահովի ազատությունից զրկված փախստականների և ապաստան հայցողների հատուկ սնունդ ստանալու, կրոնական գրականությունից օգտվելու և այլ իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման վերաբերյալ աշխատաժողով։

Աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի ընթացքում ոլորտի իրավասու պետական մարմինները և միջազգային ու հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց փորձը։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքն ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում։

«Հատուկ հաստատություններում պետության պոզիտիվ պարտականությունից է բխում հաշվի առնել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց կրոնական, ազգային պատկանելության և այլ հիմքերով պայմանավորված առանձնահատկություններ։ Օրինակ՝ այս համատեքստում պետությունը պետք է ապահովի նրանց հատուկ սնունդ ստանալու, կրոնական գրականությունից օգտվելու, իրենց հաստականալի լեզվով վերաբերելի տեղեկություն ստանալու և այլ իրավունքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի՝ ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկման մեթոդաբանությունը։

Միջոցառման ընթացքում Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները ներկայացրել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման մեթոդաբանության, խնդիրների արձանագրման և դրանց լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ միջազգային փորձը, խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

Հանրային կապերի բաժին

Back to top button
Close