ՄիջազգայինՆորություններ

Էրդողանի կուսակից հայազգի պատգամավորը գաղտնազերծել է Ցեղասպանության մասին Սենատի բանաձևը

ԱՄՆ–ի Սենատի ընդունած բանաձևը կխանգարի հայ-թուրքական երկխոսությանը։

 Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին  ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը։

Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը սպառնում է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

«Ցեղասպանության մասին բանաձևը, որը տասնամյակներ շարունակ չէր ընդունվում, այժմ հաստատվել է С-400–ի ու Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների համար Անկարային պատժելու նպատակով։ Դա պատմության կամ իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Այս քայլը միայն խանգարում է երկխոսությանը։ Երևի հենց դա է ցանկալին։ Այնպես որ, վերքը միշտ արյունահոսելու է, իսկ արնախումների համար տոնակատարություն է սկսվում», – գրել է Եսայանը։

Նշենք, որ Եսայանն առաջին անգամ չէ, որ Թուրքիայի իշխանության շահերից բխող սկանդալային հայտարարություններ է անում ու հայերի վրդովմունքին արժանանում։

Ավելի վաղ բանաձևը մեկնաբանել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Back to top button
Close