Նորություններ

Ինչպե՞ս է ստացվել, որ հակահեղափոխականների և ԱԱԾ-ի մոտեցումները համընկնում են. սա լուրջ մտահոգության թեմա է

Հեռախոսային գաղտնալսում իրականացնելու գործառույթը ԱԱԾ-ից ոստիկանության սուվերեն տիրույթ փոխանցելու մասին օրինագիծը հանրային քննադատությունների տեղիք է տվել:

Քաղաքացիների դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ վստահություն չունեն թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ոստիկանության նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին եւ իշխող ուժի ներկայացուցիչների այն պնդումներին, թե հակառակ տեսակետն ունեցողները, հավանաբար, խնդրի էությանն ամբողջապես չեն տիրապետում, նշել է.

«Լավ չէ, որ նոր իշխանությունները ևս մեր ընկալման հետ կապված խնդիրներ են տեսնում, ինչպես տեսել են նախկինում: Սա լավ տենդենց չէ, բայց ինչևէ, ասեմ տարբերությունն ինչումն է: Մեջբերում են օրենքը, միայն չոր օրենքը: Այո՛, օրենքում բազմաթիվ երաշխիքներ կան գրված, բայց մենք խոսում ենք ոչ թե օրենքի անունից, այլ մենք խոսում ենք իրականության մեջ տեղի ունեցող իրադարձություններից: Մենք խոսում ենք այն մասին, որ տարիներ շարունակ երաշխիքները եղել են, բայց այդ երաշխիքներով հանդերձ, միևնույնն է, մարդու իրավունքը խախտվել է: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդուն ապօրինի գաղտնալսել են: Այսինքն՝ փաստացի իրականությունը տարբերվում է այն ամեն ինչից, ինչը որ որպես երաշխիք ներկայացվում է օրենքով»:

Կարապետյանցն ընդգծել է, որ այսօր ամենաառանցքային հարցը բարեփոխված իրավապահ համակարգ ունենալն է. վստահելի ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ:

«Պետք է ունենանք ռեալ փոփոխություններ: Չի եղել ոլորտ, որտեղ տարիներ, տասնամյակներ շարունակ խախտումներ եղած չլինեն: Խախտվել են մարդու իրավունքները, որևէ կերպ բարեփոխում չի եղել: Չեն փոխվել անձինք, չի փոխվել մտածելակերպը, մոտեցումները, գաղափարախոսությունը, ոչինչ չի փոխվել»:

Այս պայմաններում ոստիկանությանը նոր գործառույթներ տալը Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահը տրամաբանական չի համարում:

Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նախագիծն ուղղված է հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելուն, ընդ որում, հեռախոսային խոսակցությունների վերահսկման իրավունքը չի տրվում առանց դատարանի որոշման:

Իրավապաշտպանը հակադարձում է՝ իսկ դատարանները վայելո՞ւմ են հանրության վստահությունը, այսօր մենք ունե՞նք անկախ դատական համակարգ:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դատախազությունն իր տեղում չի եղել, դատախազությունում պաշտոնավարում են մարդիկ, ովքեր եղել են նախկինում և խախտումներ են իրականացրել: Դատարանները զրո վստահություն ունեն»,- շեշտեց Կարապետյանցը եւ հավելեց. «Իշխանությունը որևէ օրենք չպետք է ընդունի օրվա իշխանության հարմար, օրվա իշխանության երդումների ու խոստումների հիման վրա: Պիտի ստեղծվեն այնպիսի օրենքներ, այնպիսի երաշխիքներ, որոնք գործելու են ցանկացած իշխանության պայմաններում»:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ գործունեությանը, վերջերս իրավապաշտպան Արթուր Սաքունցին հասցեագրված հայտարարությանը, որում նշում էին, թե իրավապաշտպանն «անցել է թույլատրելիի բոլոր սահմանները», Նինա Կարապետյանցը նշեց.

«ԱԱԾ մասով մենք ունենք մտավախություն, որ ԱԱԾ-ից գրեթե բոլորը՝ շարքայինից մինչև բարձրաստիճան սպաներ, վերապատրաստվում են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս՝ մասնավորապես Ռուսաստանում: Սա շատ անհանգստացնող է, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգությունը բոլոր երկրներում աշխատում է որոշակի սկզբունքով: Ես անհանգստություն ունեմ, որ ՀՀ ԱԱԾ-ում իրականում մեծամասամբ կարող են աշխատել այնպիսի մարդիկ, որ իրականում չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը: Ավելին ասեմ՝ վերջին հայտարարությունը, որը տարածեց ԱԱԾ-ն, այդ բնորոշումները, ցիտատները, որոնք մենք լսեցինք իրավապաշտպանների հասցեին, այդ ամեն ինչը մենք լսում ենք նաև հստակ, ընդգծված հակահեղափոխականների կողմից, որովհետև իրականում ԱԱԾ-ն շատ լավ հասկանում է, որ ՀՀ-ում իրավապաշտպանները բոլոր ժամանակներում շատ բարձր վարկանիշ են ունեցել և իրապես պայքարել են ապօրինությունների դեմ, այդ թվում՝ նաև ԱԱԾ-ի կողմից կատարված ապօրինությունների դեմ: Ես հասկանում եմ ԱԱԾ-ի մտահոգությունը, բայց այն, ինչի մասին որ ես խոսեցի, երկու բևեռների նույնաբովանդակ տեքստերի հրապարակումն է: Սա լուրջ մտահոգության թեմա է նոր իշխանության համար: Պետք է մտածել, թե ինչպես է ստացվել, որ այս երկու բևեռները միատեսակ մոտեցում ունեն»:

Հարցին, թե արդյոք ներկայիս իշխանության վերահսկողությունից ԱԱԾ-ն դուրս է եկել, իրավապաշտպանը հայտարարեց. «Բոլորովին չի կարելի բացառել նաև այդ տարբերակը, որովհետև 90%-ը, եթե ոչ ավելին, վերապատրաստվում են արտերկրում, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումներն այնքան էլ Ռուսաստանի Դաշնության սրտով չէին»:

Back to top button
Close