ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ստոր քարոզչություն Արցախում, թե «հայաստանցիներն» առաջին իսկ օրը Արցախը լիովին կհանձնեն Ադրբեջանին»

Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշել է, որ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացը կեղծ օրակարգ է:

«Որովհետև պարզ ժողովուրդը միշտ էլ երազում է ունենալ խաղաղություն: Ոչ ոք չի կամենում վտանգել իր հարազատների ու երեխաների կյանքը: Սովորական ժողովրդի մակարդակի վրա, որչափ էլ Ադրբեջանում մոլեգնի հայատյաց քարոզչությունը, որը խորագույն արմատներ է ձգել և հետքեր է թողել ադրբեջանցիների համազգային մտայնության մեջ, որն իսկապես շատ մեծ խնդիր է, բայց անգամ այսպիսի ծայրահեղ հակահայկական քարոզչության պայմաններում Ադրբեջանի բնակչության լայն զանգվածները չեմ կարծում, որ կամենում են պատերազմ՝ ոչ միայն սահմանակից տարածքներում, այլև խորքում և Բաքվում»:

Իրական երաշխիքը, որ պատերազմ չի լինի, ըստ Քանանյանի, տնտեսապես, բանակով և ոգով հզոր Հայաստանն է:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Ալեքսանդր Քանանյանը նշում է.

«Ես սա համարում եմ լրջորեն անհաջող ձևակերպում: Այդ ձևակերպման դիվանագիտական նախապատճառները հայտնի են, պարզ են, բայց ես կարծում եմ, որ անիմաստ է այդպես արտահայտվել, որովհետև նախ՝ գոյություն չունեն երեք ժողովուրդներ: Արցախում ինչ-որ առանձին և անհասկանալի ժողովուրդ կամ էթնոս գոյություն չունի: Արցախցիները հայ են և ոչ միայն հայ են, այլև հայաստանյան հասարակության և հայոց պետականության անբաժանելի և անքակտելի մասնիկ են: Առհասարակ, պետք է դադարել այս անհեթեթ և մեծապես հակաարդյունավետ և հայավնաս այդ երկու հայկական պետությունների անհեթեթ թատրոնը: Արցախի ժողովուրդը հայաստանյան ժողովրդի լիակատար մասնիկ, է որը ոչնչով տարբեր կամ անջատ չէ մնացյալ հայ հասարակությունից»:

Անդրադառնալով ԵԺԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը, թե արցախյան հակամարտության բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում, Քանանյանն ասել է.

«Իհարկե, մենք շատ վտանգված ենք, որովհետև ամեանաապաշնորհ կերպով մսխել ենք հետպատերազմյան տարիները, բայց այդ հետպատերազմյան պետականաքանդ «կարևորագույն» դեմքերից է Սերժ Սարգսյան կոչեցյալ անձը, որն ուղիղ և հանցավորապես պատասխանատու է ապրիլյան պատերազմի համար, պետական դավաճանության հանցատարր պարունակող բազմաթիվ այլ գործողությունների համար: Այս անձը պետք է ոչ միայն չխոսեր, այս անձը վաղուց պետք է հարյուրավոր քրեական գործերով ընդմիշտ բանտային տարածքից դուրս չգար, որովհետև շատ քիչ մարդ հայոց պատմության ընթացքում այսչափ համակարգային վնաս է հասցրել հայոց պետությանը և հայ ժողովրդին»:

Ալեքսանդր Քանանյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չունեն Արցախում հենարան և աջակցություն: Նշում է՝ ինչպես նրանց կառավարման տարիներին, այդպես էլ հիմա Արցախի ղեկավարությունը քարոզչական ապատեղեկատվություն է տարածում Արցախի բնակչության շրջանում, որ այն օրը, երբ Երևանում իշխանության կգա ոչ արցախցի, ապա «հայաստանցիներն» առաջին իսկ օրը Արցախը լիովին կհանձնեն Ադրբեջանին:

«Այս ստոր քարոզչությունն այնքան տոտալիտար բնույթ էր կրում, որ շատ մեծ մտահոգություն պատճառեց արցախցիներին հենց հեղափոխության օրերին: Ամենայն լրջությամբ շատ մարդիկ մտածում էին, որ նոր իշխանությունը մոտակա մեկ շաբաթում կամ մեկ ամսում նրանց կհանձնի Ադրբեջանին, դուրս կհանի հայկական զորքերը և այլն… Բայց անգամ այս քարոզչության պայմաններում մարդկանց մեծ մասը ներքին հույս և վստահություն ուներ, որ Հայաստանում հաղթանակած հեղափոխությունը, այնուամենայնիվ, արագ կերպով կներթափանցի նաև Արցախ և արցախցիներին ևս կբերի ազատություն»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close