Նորություններ

«Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման…». ԲԴԽ նախագահ. «Փաստինֆո»

Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

-Պարո՛ն Վարդազարյան, արդարադատության համակարգում այսօր ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։

-Հարցը, որը կարելի է ուղղել մի գիտահետազոտական ինստիտուտի։ Արդարադատության համակարգի խնդիրները բազմաթիվ են, խնդրում եմ կոնկրետացրեք։

-Ո՞րն է ամենախնդրահարույցը։

-Այս պահին մեկ հարց եմ կարևորում, որը, գտնում եմ,որ ամբողջ դատական համակարգին է հուզում և ոչ միայն դատական համակարգի աշխատակիցներին, այլև՝ հանրությանը։ Դա դատարանի նկատմամբ հանրային վստահության հարցն է։ Ոմանց կարծիքով դա ցածր տոկոս է կազմում, իմ համոզմամբ, դա այդպես չէ։

-Պարոն Վարդազարյան, դատավորները նշում են, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում և դրանից տուժում է դատական ակտի որակը և իրավունքներ են խախտվում։ Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով։

-Իսկ ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մի քանի լուծում կա՝ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ անել և դատավորների քանակ ավելացնել։ Չկա մի դեղահաբ, որի միջոցով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Դա համալիր բուժում է պահանջում։ Ընդհանրապես, որպեսզի դատարանը ծանրաբեռնեն ոչ թե բռնագանձման պահանջներով կամ վճարման կարգադրություններով, այլ դատարանը բուն արդարադատություն իրականացնի, այսինքն՝ վեճ քննի, այլ ոչ թե նոտարի գործառույթ կամ պահանջը հաստատող մարմնի գործառույթ կատարի։ Ես նոտարի աշխատանքը չեմ նսեմացնում ամենևին։ Մեր ծանրաբեռնվածության ավելին քան 86-87 %-ը գումարի բռնագանձման պահանջներ են, որոնք, ըստ էության, իրենց մեջ վեճ չեն պարունակում, բայց դատավորներին ծանրաբեռնում են որոշակի գործառույթներով, որոնք օրենքով նախատեսված են և դատավորը ուզի, թե չուզի պարտավոր է քննել այդ վեճ չունեցող գործերը, որոնք ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իսկ գումարի պահանջները կարող է տատանվել 3000-ից մինչև մի քանի միլիոն։ Դատավորի համար նշանակություն չունի պահանջը 3 մլն դրամի է, թե 3000 դրամի։ Օրենքը նույն գործառույթն է նախատեսում։

-Պարոն Վարդազարյան, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է իջեցնել դատավորների տարիքային շեմը։ Ճի՞շտ քայլ եք համարում։ 25 տարեկան դատավորը կարո՞ղ է արդարադատություն իրականացնել։

– Այսօրվա գործող օրենսդրական կարգավորմամբ՝ տարիքային շեմը սահմանված է 28 տարեկանը, գտնում եմ, որ նույնիսկ 28 տարին է երիտասարդ տարիք՝ դատավոր դառնալու համար։ Ես կառաջարկեի ավելացնել և դարձնել 30-35 տարեկան, քանի որ գտնում եմ, որ 25-28 տարեկան երիտասարդը դեռ պատրաստ չէ արդարադատություն իրականացնել։ Գիտեք, եթե ընդամենը դակելու է բռնագանձումների հետ կապված պահանջները, ապա այդ դեպքում կարելի է նույնիսկ 18 տարեկան դատավոր նշանակել, քանի որ այդտեղ արդարադատության իրականացման գործառույթ չկա։ Եթե խոսքը գնում է քրեական, վարչական, քաղաքացիական գործերի մասին, որտեղ կա լուրջ իրավական վեճ, ապա գտնում եմ, որ կյանքի ճանապարհ անցած մարդն իրավունք ունի որոշել այս կամ այն քաղաքացու կամ այս կամ այն վեճի ճակատագիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքէջում: 

 

Back to top button
Close