Ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան
Փորձենք հասկանալ, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը», և, առհասարակ, ինչ հեղափոխության մասին է խոսքը գնում:
— Եթե կրթության, գիտության ու մշակույթի փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ (պարզ չէ, թե ինչ կապ է ունեցել կրթության ու մշակույթի հետ), որը Ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը գնում, և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։
— Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու, առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու պատժվում։ Որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում, ապա ի՞նչ «պետական համակարգի» մասին է խոսքը գնում, ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։
— Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն անպատվում է, ապա ինչ դատական համակարգի մասին է խոսքը գնում։
— Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչո՞ւ չպետք է Արցախը դիմադրի, անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա, թե ոչ։ Չէ՞ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։
Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։
Ու վերջապես, որտե՞ղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում է հեղափոխության նպատակները, առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում»։