ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

Բոլորը վախենում էին խոսել, գիտեին, որ «կռիշը» Սաշիկն է. «Գլենդել Հիլզի» անորակ շինարարության եւ անօթեւանության խնդրի հաղթահարման վերաբերյալ քննարկում

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության տեսչության պետի նախկին տեղակալ Արտաշես Սարգսյանը խոսել են Գյումրիում անօթեւանության խնդրի հաղթահարման ուղղությամբ անցած տարիներին ձեռնարկված քայլերի, բնակարանաշինական ծրագրերի մասին: Ամենաանորակ շինարարությունը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, արձանագրել է Արտաշես Սարգսյանը: Հիշեցնենք՝ «Գլենդել Հիլզ»-ն էր իրականացնում բնակարանաշինության գործընթացը Գյումրիում:

Խոսելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Գյումրիում իրականացված շինարարության մասին՝ Արտաշես Սարգսյանը նշել է.

«Գլենդել Հիլզի» կառուցապատումը կատարվեց շատ անորակ: Ներգրավված էին ոչ մասնագետներ: Երեւանից բերել էին պատահական տղաների: «Լինսի» ծրագրի իրականացման ժամանակ ներառեցին Գյումրիի շինարարներին: Իսկ այս անգամ մեր մասնագետ տղաներն ընդամենը տասնապետեր էին: Եվ սկսվեց անորակ շինարարությունը: Իրավիճակը վերահսկելի չէր, որովհետեւ բոլորը վախենում էին խոսել, գիտեին՝ ով է «կռիշը»: Մի պարզ օրինակ բերեմ. շենքերի դրսի սալիկներն ամրացված են շուռուպներով եւ ոչ թե շաղախի վրա, այլ փայտի: Օդափոխիչների միջոցով ջրերն են անցկացվել, եւ մինչեւ հիմա սառում են ջրերը: 1050 բնակարան չունի նկուղ, կոյուղիներն անցնում են բնակարանների միջով: Ամենակարեւորը, սակայն, հենասյուների խախտումներն էին, երբ որ ծածկի սալիկները, որոնք պետք է նստեին 9-13 սմ, նստում էին 4սմ: Միջին պատերը բացարձակապես կալոնաների հետ ամրացում չունեն: Բացարձակ: Բլոկից պատերն անկապ շարված են, ոչ մի կապ չունեն ոչ մի պատի հետ: Յուրաքանչյուր ցնցման ժամանակ կարող է դուրս թափվեն»,- նշեց Արտաշես Սարգսյանը:

Ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը, սակայն, նշում է, որ լուրջ մասնագետներ են գնահատական տվել այդ շինարարությանը: Նշվել է, որ որակը չափազանց վատն է, բայց շենքերի կմախքներն ամուր են:

«Ես լավ հիշում եմ, որ եկան «Հայսեյսմշին» ինստիտուտի մասնագետները, ուսումնասիրեցին այդ 1050 բնակարանները, որոնք «Գլենդել Հիլզի» կառուցած առաջին փուլի բնակարաններն էին, նրանց եզրակացությունն այսպես էր՝ ներքին հարդարման աշխատանքները շատ փնթի էին արված, բայց կմախքը, կոնստրուկտիվ տարրերը, սյուները բավարար կայունություն ունեն, եւ այդ շենքերի սեյսմիկ խոցելիությունը, այսինքն՝ երկրաշարժին դիմակայելու հարցը կասկածի չի ենթարկվում»:

Արտաշես Սարգսյանը, սակայն, հակադարձում է. «Այդ ժամանակ եթե որեւէ պաշտոնյա համարձակվեր որեւէ «սխալ» նախադասություն արտահայտվեր, հաջորդ օրն աշխատանքից ազատված կլիներ»:

Սարգսյանը բերում է իր օրինակը: Երբ բարձրաձայնել է «Գլենդել Հիլզի» շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների մասին, հաջորդ իսկ օրն իրեն ազատել են ՀՀ քաղաքաշինության նախարարության տեսչության պետի տեղակալի պաշտոնից:

«Հաջորդ առավոտ կանչեցին Երեւան եւ ասացին, որ կառավարությունից պահանջում են, որ դու հրաժարական տաս»:

Ավելին
Back to top button
Close