Նորություններ

Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

Ամանորյա տոներին ընդառաջ Ստեփանակերտում ընթանում են փողոցների, հիմնարկ-ձեռնարկությունների ձևավորման աշխատանքներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն ասել է, որ Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին:Նրա խոսքով՝ նախատեսվում է շուրջ 500 դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ նույն օրը կազմակերպել ամանորյա ֆլեշ-մոբ, որին ներկա կլինեն նաև Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
«ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համագործակցելով կազմակերպվելու են համերգային մի շարք ծրագրեր: Դեկտեմբերի 31-ին կազմակերպվելու է տոնական համերգ: Այդ օրը Ձմեռ Պապն ու Ձյունանուշը շրջելու են մայրաքաղաքով՝ շնորհավորեն քաղաքացիներին և նվերներ բաժանեն փոքրիկներին»,- ավելացրել է Կ. Հարությունյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մայրաքաղաքում ապրող այն երեխաները, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ կամ նախադպրոցական որևէ հաստատություն, նրանց ծնողները մոտ օրերս պետք է նախապես գրանցեն Եղիշե Չարենցի անվան N7 հիմնական դպրոցում:
Գրանցված բոլոր երեխաները հնարավորություն կունենան դեկտեմբերի 25-28-ը մասնակցելու N1, N5, N8 և N10 կրթօջախներում կայանալիք տոնական համերգներին և տեղում ստանալ նվերներ:
Back to top button
Close