Նորություններ

Մութ ամպեր՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Հայրապետյանը, ով միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է լուրի վերաբերյալ ներկայացնել Ռ. Հայրապետյանի տեսակետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close