ՄիջազգայինՆորություններ

Դավիթ Գարեջիի մոտ ադրբեջանցի սահմանապահները Վրաստանի քաղաքացու են վիրավորել

«Մթավարի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Դավիթ Գարեջիի հարակից տարածքում օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել` ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա:

Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն, հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպչել:

Տեղեկատվության համաձայն, վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, որի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: Նաև պարզ չէ, թե որ հոդվածի հատկանիշներով է ընթանում հետաքննությունը:

«Վրաստան — Ադրբեջան սահմանի հարակից տարածքում դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, որը բուժվելու նպատակով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Նրան տեսակցել են ՆԳՆ և Ադրբեջանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմի տեղեկատվությամբ, վիրավորվածի առողջական վիճակը բավարար է: Ընթանում է հետաքննություն: Վրաց և ադրբեջանցի իրավապահներն ակտիվորեն համագործակցում են»,- «Նեթգազեթի» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։

aliq.ge

Ավելին
Back to top button
Close