Նորություններ

Քոչարյանի փաստաբանը դատավոր Պապոյանի ինքնաբացարկը կապում է դատական համակարգի վրա աննախադեպ ճնշման հետ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը կապում է դատական համակարգի վրա աննախադեպ ճնշման հետ։ Փաստաբանն իր կարծիքը հայտնել է դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում։

Արամ Օրբելյանի կարծիքով՝ դատարանում ներկայացված փաստարկները չէին կարող հիմք դառնալ նման որոշման համար։ «Կստանանք դատարանի որոշումը, այդ ժամանակ էլ ավելի առարկայորեն կասենք։ Բայց դատարանը պետք է դիտարկեր միայն այն, ինչ ներկայացվել էր դատարանում։ Իսկ դա բավարար չէ ինքնաբացարկի համար։ Հակառակ դեպքում, եթե դատարանը ղեկավարվել է լրացուցիչ տեղեկատվությամբ, ինքնաբացարկը պետք է վերցներ դիտարկման փուլում»,- նշել է փաստաբանը։

Նա հիշեցրել է, որ ինքնաբացարկի միջնորդության պատճառը ԱԱԾ-ում դիտարկվող զրպարտության գործն է Ֆեյսբուքի ոմն օգտատեր Արտակ Գալստյանի կողմից։ Գործը հարուցվել է իր՝ Մխիթար Պապոյանի հայտարարության հիման վրա։ «Այսինքն՝ յուրաքանչյուրը, ում դուր չի գա որոշումը, կարող է կազմակերպել նման մի բան, զրպարտչական բնույթի հոդված կամ հրապարակում։ Եվ կամ կհերքեն այն, ու կստեղծվի օբյեկտիվության «կասկած», կամ չեն հերքի, եւ կասկածը կամրապնդվի»,- նշել է Արամ Օրբելյանը։

news.am

Back to top button
Close