Նորություններ

ՀԿԱԾ կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ. 786 մլն. դրամ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը դեկտեմբերի 9-ին ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կառուցվածաքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Ըստ օրակարգի՝ ներկայացվել են նոյեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ. 786 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 198 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 187477 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 160839 կատարողական վարույթ:

Զեկուցվել է, որ նոյեմբեր ամսվա ոչ աշխատանքային օրերին կազմակերպված հերթապահությունների ընթացքում 1509 կատարողական վարույթի շրջանակում վերացվել են տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները՝ Ճանապարհային ոստիկանությունում համապատասխան ձևակերպումներ կատարելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, ստացված գրությունների, դիմումների, թեժ գծին ուղղված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես՝ Ծառայության արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7677 քաղաքացի:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել արագ սպասարկման գրասենյակում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու և տարեվերջյան հնարավոր հերթերը բացառելու ուղղությամբ։

Back to top button
Close