Նորություններ

Եզդի զինվորն ու նրա ծառայակիցը ընկերներ էին, չէին կրակի իրար վրա. forrights.am

Դեկտեմբերի 6-ին, Արտաշար գյուղում հողին են հանձնել զինծառայող Արթուր Աջամյանի  դին: Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը հայտնեց Forrights.am-ին, որ հուղարկավորությանը եկել էին մարդիկ Հայաստանի տարբեր բնակավայրերից:

«3000 հոգի մարդ կար: Որ լսել էին՝ զինվոր են սպանել, եկել էին հարգելու:  Հանգիստ հուղարկավորոթյունը անցավ: Այլևայլ բաներ չեն եղել: Մարդկանց խոստացան, որ քննությունը կընթանա առանց խոչընդոտի, ու հիմա մարդիկ հանգիստ սպասում են», — ասաց Մանվել Օհանյանը:

Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները հիմնականում լուռ են տանում իրենց վիշտը: Ողբերգական դեպքերին հաջորդող օրերին շատերը հույսով ապավինում են քննիչին,  որքան էլ անհավանական լինեն վերջինիս առաջ քաշած վարկածները: Ոմանք էլ, ինչպես արտաշարցիները,  աղմկոտ ակցիաներ են կազմակերպում, բողոքում են ՊՆ-ից և նախաքննության մարմնից, պահանջելով օբյեկտիվ քննություն:

Դեկտեմբերի 4-ին նրանք Արթուրի լուսանկարն առած, Ազգային Ժողովի դարպասի մոտ էին, պատասխան էին պահանջում խորհրդարանից սպանված երիտասարդի համար: Նրանց ներս չթողեցին:

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Անդրանիկ Քոչարյանը խոստացան մարդկանց, որ արդարությունը տեսնելու են ու շատ շուտով:

Ավելի վաղ, դիահերձարանի  մոտ Արթուրի համագյուղացիները խոստանում էին նրա դիակը չտանել տուն, մինչև որ չբացահայտվի Արթուր Աջամյանի մահվան գաղտնիքը:

11 ամսվա զինծառայող Արթուր Աջամյանին սպանել են դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան օրը: Նույն դեռևս չպարզաբանված միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Մելիքբեկյանը: Նա Երևանի բնակիչ է:

Նա գլխի ծանր  վնասվածք ունի և ներկայում վերակենդանացման բաժանմունքում է։

Մեր տեղեկություններով, տղաները երկուսով են հերթապահել պահպանության տեղամասում: Դեպքից 2-3 ժամ առաջ հրամկազմից այցելել են այնտեղ, ստուգել են տեղամասը, համոզվել են, որ ամեն ինչ կարգին է, և հեռացել են:

Արտաշարցիներին, որոնք ակցիա էին կազմակերպել խորհրդարանի դարպասի մոտ, այնտեղ էր բերել որոշ ԶԼՄ-ներով տարածած տեղեկությունը, թե Արթուրը ինքնասպան է եղել: Չի բացառվում, որ ի սկզբանե կեղծ տեղեկատվությունն այս տարածվել էր մարդկանց արձագանքը ստուգելու համար: Արձագանքը բուռն էր:

«Ամոթ այդ լրատվականներին, որ գրել են, որ երեխան ինքնասպան է եղել», — ասում էր զոհվածի հարազատներից մեկը:

Քննչական կոմիտեն գործ հարուցեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ  ավելի անձանց սպանության փորձ:

Արթուր Աջամյանի հարազատների շահերը ներկայացնող փաստաբանը արձանագրել է , որ նրա մարմնին տարբեր վաղեմության բռնության հետքեր են եղել` ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածում։

Մեզ հասած տեղեկություններով, զորամասում, որտեղ ծառայում էին Արթուրն ու Դավիթը ողջ անձնակազմը շոկի մեջ է և բոլորը խոսում են դեպքի մասին: Հարցաքննվում են զինծառայողները:

Ինքնասպանության վակրկածի շուրջ առաջին օրն այստեղ իրոք քննարկում եղել է: Նույնիսկ կարծիքներ են եղել, թե կատարվածը թշնամու զինվորի հետ հանդիպման հետևանք է, որի արդյունքում տղաներից մեկը վիրավորվել է, իսկ մյուսը մոտ 300 մետր հեռու գնալով, սպանվել է անհայտ հանգամանքներում, կամ ինքն է իր վրա կրակել:

Մեր աղբյուրը բացառում է, որ տղաները կրակած լինեն իրար վրա: «Նրանք իրար հետ շատ հաշտ են եղել, երկուսն էլ խելոք երեխեք էին: Էդ օրը Արթուրի ծնունդն էր, ու Դավիթը նույնիսկ զանգել էր ինչ-որ մեկի ու հեռախոսով ասում էր, որ Արթուրի ծնունդն ա, ալյուր կա, տորթի նման մի բան ո՞նց կարելի է սարքել», — ասում է մեր աղբյուրը:

Սա նշանակում է, որ Արթուր Աջամյանի և Դավիթ Մելիքբեկյանի միջև ընկերական հարաբերություններ են եղել, և չի բացառվում, որ սպանությունը կատարել է երրորդ անհայտ անձը:

Մարտակերտի պաշտպանական շրջանը համարվում է Արցախի ՊԲ լավագույն զորամասերից: Սակայն այստեղ վերջին մեկ-երկու տարում բազմաթիվ քրեական դեպքեր են տեղի ունեցել:

Այս տարվա հունվարի 7-ին դիրքերում խորհրդավոր հանգամանքներում զոհվեց ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Շորժա /Շողակաթ/ գյուղի բնակիչ Վաչե Չիլինգարյանը: Դեպքը  ներկայացվեց որպես դիպուկահարի կրակոցի հետևանք:

2018 թվականի դեկտեմբերի 12-ին այստեղ ժամկետային զինծառայող Արգիշտի Հակոբյանը որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացավ «Կալաշնիկով» ավտոմատից արձակած կրակոցից: Վնասվել էին զինծառայողի ներքին օրգանները: Սա ներկայացվել էր որպես անզգույշ կրակոց: Մուրացանի հոսպիտալում զինծառայողը մորը խոստովանել էր, որ խնդիրներ է ունեցել զորամասում, որ իր վրա կրակել է ծառայակիցը, Աբովյանի բնակիչ Հ.Մ-ն:

2017-ի նոյեմբերի 4-ին զորամասի պահեստում ականի պայթյունից, իր մարմնով փակելով հակատանկային ականը, մահացավ ժամկետային զինծառայող, դիպուկահար Հրանտ Մանգասարյանը: Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան և ևս երկու զինծառայողների վիրավորման պատճառը:

Եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը ծառայության մեկնելուց մոտ երկու շաբաթ հետո դաժան ծեծի ենթարկվեց Բադ մականունով կոմբատի կողմից, որից հետո ցնցումների մեջ ընկավ և ի վերջո ազատվեց ծառայությունից:

Հունվարին ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց Մարտակերտի նույն զորամասի ժամկետային զինծառայող, երևանցի Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով: Դատաքննությունն այս գործով չի ավարտվել:

Սյուզան Սիմոնյան

forrights.am

Ավելին
Back to top button
Close