Նորություններ

Չորս տարեկան որդուս «խնայել» էր արհավիրքը

88-ի աղետը․ «Պապիկ, դու մենակ խունկը վառե»

Մնացական Մուրադյանն ասում է, թե ճակատագիրը դեպքերի ու դրվագների, դեմքերի ու դրվածքի, նախօրոքի ու քո ժամանակի իրական ընթացքն է։ Ու իր ճակատագիրն էր, որ իրենից առաջ ծնողները երեք զավակ են ունեցել, որոնց վիճակված չէր ապրել, բայց իրեն «հաջողվեց» դա։ Եւ իր անունն էլ Մնաց են դրել, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ «Գամ ու մնամ։ Երեւի ինքս էլ հասկացել եմ, թե ինչ է պահանջվում ինձնից՝ երեսս պնդել ու մնացել եմ էս աշխարհում։ Իմ ծնունդն անփորձանք ու ապահով լինելու համար մեր Անիպեմզա գյուղից հայրս մորս բերել է Լենինական, որպեսզի ես տեղի ծննդատանը լույս աշխարհ գամ»։ Մնացականի մանկությունն անցել է Անիպեմզա գյուղում։ Հիշում է․ «Բերկրալից ժամանակներ էին։ Մեր գյուղը սահմանամերձ էր, շուրջը «չափառ» էր քաշած, մուտք գործելու համար անցաթուղթ պիտի ունենայիր։ Դրսինների համար «գլխացավանք» էր մեր գյուղ գալը։ Հարսանիքից հարսանիք, երբ մարդիկ գալիս էին, լինում էր, որ բոլորին չէին թույլատրում գյուղ մտնել՝ խայտառակություն էր,-բնորոշում է նա ու ծիծաղելով ավելացնում,-երեւի էդ էր պատճառը, որ մեր գյուղի շատ-շատ աղջիկներ տանն էին մնացել, չէին ամուսնացել»։

Իր ամուսնության հարցում էլ այլ տարբերակ էր գործել, գյուղի աղջիկների հետ չէր կապվել ընտրությունը։ Հավանաբար դա էլ իր պատճառն ուներ։ Մուրադյանների ընտանիքը, դեպքերի՞, թե՞ դրվագների բերումով, տեղափոխվել եւ ապրում էր Լենինականի մեկուկես սենյականոց մի տան մեջ։ Ինքը խորհրդային բանակում ծառայելուց հետո, որտեղ առիթ էր եղել լրջորեն զբաղվել արեւելյան մարզաձեւերով, վերադարձավ Լենինական եւ շարունակեց ուսումը Շինարարական տեխնիկումում։ «Փոքրուց սիրել եմ շինարարի գործը։ Ես այն արվեստ եմ համարել, որովհետեւ շինարարության մեջ այնպիսի նրբություններ կան, որոնք ուղղակի առնչություն ունեն արվեստի հետ»։

Ամուսնանալուց ապավինեց ծնողների հայեցողությանը.«Կինս՝ Անահիտը, Հայրենական գյուղից էր։ Մերոնք արմատներով Սպիտակի պառնեցի են, պապս էլ իր հերթին այնտեղ էր հետաքրքրվել նրանով։ Ինձ տարան, տեսա, որ հրապուրիչ աղջիկ էր։ Ման գալ չի եղել, ակնթարթային հավանություն է եղել, ու էդպես էլ «գործընթացը» գնաց։ Դրանից հետո մենք ունեցանք երկու լավ բալիկ՝ Վարսիկիս ու Վարդանիս,-փորձում է զսպել արտասուքը, խոսքն ընդհատում է մի քանի վայրկյան, ապա շարունակում է,-մեր տունը շատ փոքր էր, մենք՝ երեք եղբայրս ու քույրս միասին էինք ապրում մեր ծնողների հետ։ Ես ու իմ ընտանիքը բնակարանի խնդրի առջեւ էինք կանգնած։ Ես շինարարությունում էի աշխատում, ինձ առաջարկեցին հանրակացարանում որոշ ժամանակ ապրել՝ միչեւ հերթագրվեի ու բնակարան ստանայի։ Համարյա երկու տարի ապրեցինք «Ստեմբելի գարաժի» մոտ գտնվող ութհարկանի հանրակացարանի չորրորդ հարկում, երկրաշարժը վրա հասավ»։

Այդ օրը շինարարական իրենց բրիգադն աշխատում էր Բուլվարային թաղամասի ինը հարկանի մի շենքի վերջին հարկում։ «Երբ զգացինք էդ ցնցումը, մտքներովս չանցավ, թե դա երկրաշարժ կարող է լինել։ Չէինք պատկերացնում՝ ինձ թվաց, թե ամբարձիչի կեռիկը կառչել է շենքի ինչ-որ հատվածի ու պոկել դա։ Հետո արդեն հասկացա, որ ամբարձիչը չէր պատճառը։ Ավելի բեթար բան էր պատահել։ Ու փախանք էդտեղից։ Ես ու ընկերս՝ Աբրահամը, վազեցինք մեր տան կողմը։ Դե, տարածությունը շատ մեծ չէր։ Եկա, տեսա, որ հանրակացարանի շենքը լրիվ ավերվել էր…Մոլորվածի պես կանգնել ու չէի հավատում աչքերիս։ Մեկ էլ տեսնեմ՝ Աբրահամը ծածկոցով փաթաթած մի երեխա գրկած, գալիս է դեպի ինձ։ Էրեխին բերեց, տվեց իմ գիրկը։ Որդիս էր՝ չէի պատկերացնում, որ մեր տնից որեւէ մեկը կարող էր փրկված լինել։ Չորս տարեկան որդուս «խնայել» էր արհավիրքը։ Պատկերացնու՞մ ես, թե էդ դժբախտության մեջ ի՜նչ ցնծություն ապրեցի»։ Ասում է, թե բառերով անհնար է պատմել այդ պահին իր վիճակը։ Յոթերորդ օրը փլատակներից հանեցին կնոջն ու վեցամյա դստրիկին, հուղարկավորեցին Անիպեմզայի գերեզմանոցում։ Երկրաշարժին զոհվեց նաեւ 16-ամյա եղբայրը։ Ակորդեոնահար էր Մուշեղը, գնացել էր ընկերոջ բանակի քեֆին նվագելու, ու Մյասնիկյան փողոցում գտնվող այդ շենքը փլվել էր՝ տանելով նաեւ ընկերոջ ու նրա հարազատների կյանքը։ «Մեղավոր էր բնությունը, մեղավոր էին նաեւ վայ-շինարարները, ովքեր դարձան անմեղ արյան պատճառ։ Ու զարմանալին այն է, որ մեղավորները մնացին անպատիժ»։

Մնացականի մայրն էր խնամում թոռանը։ Հիվանդ կնոջը երկրաշարժի պատճառած տառապանքներն առավել տկարացրել էին։ «Մայրս երկրաշարժից հետո երկար չապրեց, ընդամենը 56 տարեկան էր, երբ գնաց»։ Որդուն խնամք էր պետք, մի տարիուկես անց Մնացականն ամուսնացավ։ «Իսկական մարդ է կինս՝ այդպես ստացվեց, որդիս խորթություն չի տեսել Զարուհու վերաբերմունքից։ Մենք մի դստրիկ ունեցանք, կնոջս՝ Անահիտի անունը տվեցինք նրան»։

Պատերազմ էր Արցախում, Մնացական Մուրադյանը 1991 թվականին որոշեց, որ պարտք ունի, պետք է կռվով պահել հայրենիքի մի մասը կազմող հողը։ Երբ հայրն իմացավ ռազմաճակատ մեկնելու որդու մտադրության մասին, ասաց՝ «Խելքդ թռցրե՞լ ես, մնա՛ երեխեքիդ տիրություն էրա»։ Ինքը պատասխանել էր, թե բոլորն էլ պատճառ ունեն չգնալու Արցախ, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր։ «Որ պատճառներին նայենք, ընդհանրապես տեղներիցս չպիտի շարժվենք։ Մի խոսքով, բոլորին դեմ գնացի ու գնացի զենք վերցրեցի»։  Հարցնում եմ, իսկ կինն ինչպե՞ս ընդունեց իր որոշումը։ Ժպտում է՝ «Դե, ինչպե՞ս պիտի ընդուներ, երբ եկել որբ երեխային տեր էր կանգնել, իսկ ամwuսինը թողնում է իրենց ու ֆրոնտ կերթա»։ Ֆրոնտում Մնացականը հետախույզ էր, արեւելյան մարզաձեւերին տիրապետած լինելն օգտակար եղավ, մարզում էր ազատամարտիկներին։ Այստեղ էլ իր համար ծանր կորուստներ եղան։ Հիմնականում Մարտակերտի շրջանում մղված մարտերին մասնակցեց։ Համոզմունքն է․ «Մեռնողը մահանում է, զոհվողը՝ ապրում»։ Մի երեւույթի մասին էլ հատուկ է նշում․ «Ցավ է, երբ հիշողությունը նսեմանում է, դժբախտություն՝ երբ խեղաթյուրվում է»։ Ցավ է նրա համար, երբ հաղթողների ավանդը սեփականաշնորհում են սրիկաները։ Ասում է նաեւ, թե հաղթանակի բերկրանքը ցնորքի կվերածվի, երբ չենք արժեւորում իրական հաղթողին։ Ռազմաճակատում նա վիրավորվեց, կոնտուզիա ստացավ։ Մինչեւ հիմա մարմնական ցավերն հանգիստ չեն տալիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Back to top button
Close