Նորություններ

ՀՖՖ նախագահի համար կպայքարեն Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը. «Փյունիկ»-ի կողմից առաջադրված թեկնածուն մերժվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հրապարակեց Ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։

ՀՖՖ 34 անդամ կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող՝ համարվել 24-ը՝ 16 տեղի համար:

Նախագահի տեղի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրությանը համապատասխանում է երեքի թեկնածությանը:

Այսպիսով, ՀՖՖ նախագահի թեկնածության համար կպայաքարեն «ԱՆԻ» ֆուտբոլային ակումբի կողմից որպես թեկնածու առաջադրված Խորեն Հովհաննիսյանը, «Ուրարտու» և «Վան» ֆուտբոլային ակումբների կողմից առաջադրված՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կողմից առաջադրված Թովմաս Գրիգորյանը:

ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, սակայն վերջինիս թեկնածությունը չի ընդունվել: Պատճառաբանվել է, որ նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ կանոնադրությանը: Բանն այն է, որ նրա ինքնակենսագրականում ֆուտբոլային գործունեության հատվածում ներկայացված է եղել նրա՝  Կիպրոսում ծավալած գործունեությունը: ՀՖՖ-ն դիմել է Կիպրոս՝ հաստատելու համար այդ փաստը, սակայն Կիպրոսի ֆեդերացիայից ստացել են փաստաթուղթ առ այն, որ տվյալ անձը որևէ կերպ Կիպրոսի ՀՖՖ հովանու ներքո ֆուտբոլային գործունեություն չի ծավալել:

Թեպետ այսօր փաստաթուղթ է ներկայացվել, որտեղ նշվել է, որ նա ծավալել է ֆուտբոլային գործունեություն Կիպրոսի ռուսալեզու ակումբում, ՀՖՖ-ն հիմք է ընդունել Կիպրոսի ֆեդերացիայից ստացած գրությունը:

Back to top button
Close