ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը 3-րդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N150 բանաձևը:

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Սենատում 3-րդ անգամ փորձելով օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հարցադրում է արել.

«Արդյո՞ք մենք ճանաչում ենք տեղի ունեցած ցեղասպանությունը, թե՞ պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»:

Ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով N150 բանաձևի ընդգրկմանը Սենատի օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- ասել է Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր Թեդ Քրուզը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Քրուզը, քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը, վստահություն է հայտնել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և դաշնակիցները պիտի միմյանց ասեն ճշմարտությունը»,- ընդգծել է Քրուզը:

Հակառակ այս ամեն՝ Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Քրամերն արգելափակել է բանաձևը՝ հայտարարելով. «Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Ի պատասխան Մենենդեսը հակադարձել է. «Ես մտադիր եմ այս փաստաթղթով ելույթ ունենալ այստեղ ամեն շաբաթ»:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելափակվել է Սպիտակ տան ցանկությամբ:

Նշենք, որ ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի` մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատին 2 անգամ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի վրա վետո էին դրել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմը և Դեյվիդ Պերդյուն:

ermenihaber.am

Back to top button
Close