ՆորություններՍպորտ

Ո՞վ կվերադարձնի ժպիտները Արսենալի երկրպագուների դեմքին

Եվրոպա լիգայում «Այնտրախտից» կրած պարտությունից հետո «Արսենալի» ղեկավարությունը հավաքվել էր արտակարգ հանդիպման, որի ընթացքում որոշվեց հեռացնել Ունաի Էմերիին լոնդոնյան թիմի ղեկից: Նախօրեին իսպանացի մարզիչը իր պարտքն էր համարել իրավիճակը փոխել «Արսենալում», իսկ հաջորդ օրը Ջոշ Քրոնկեն նրան հաջողություն է մաղթել` աշխատանքից հեռացման պաշտոնական ծանուցումից հետո:

Ինչու՞

Ինչու՞… Ինչ վերաբերում է Ունաի Էմերիի հեռացմանը, ապա դրա համար կային բոլոր նախադրյալները: Նախ՝ եղավ նախորդ մրցաշրջանը, որի արդյունքներով «Արսենալը» չկատարեց ղեկավարության կողմից առաջադրած նպատակները: «Զինագործները» ցանկանում էին մտնել Չեմպիոնների լիգա, սակայն բաց թողեցին Պրեմիեր լիգայի առաջին քառյակ մտնելու ուղեգիրը, ապա և պարտվեցին Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսիին»՝ բաց թողնելով իրենց երկրորդ հնարավորությունը: Իսկ այն, ինչ տեղի է ունենում թիմի հետ վերջին մեկ ամսում, ամբողջովին հիմք է տվել ակումբի ղեկավարությանը կայացնել որոշում` կապված գլխավոր մարզչի հեռացման հետ:

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալը» չգիտի՝ ինչ է հաղթանակը հոկտեմբերի 24-ից, երբ հրաշքով, շնորհիվ այն դուբլի, որը հեղինակեց Նիկոլա Պեպեին, նրանց հաջողվեց Եվրոպա լիգայում հաղթել «Վիտորիային»: Դրանից հետո` յոթ խաղ առանց հաղթանակի: Այո, 5 ոչ-ոքի, երկու պարտություն, յուրաքանչյուր խաղում «զինագործները» գոլ էին բաց թողնում, յուրաքանչյուր խաղում դժվարություններ ունեին մարտավարության, խաղի կարգապահության հետ… Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մենք «Արսենալին» գտնում ենք ութերորդ տեղում, իսկ չորրորդ հորիզոնականից հեռավորությունը արդեն 8 միավոր է, նույնքան է նաև հեռավորությունը առաջնության վատագույն եռյակից, ի դեպ:

Եվ այս ամենը Ունաիի կողմից ընդունված մի շարք ոչ հասկանալի որոշումների ֆոնին. Օրինակ, նա պահեստայինների նստարանները մաշեցնել էր տալիս Մեսութ Օզիլին, ինչպես նաև Գրանիտ Ջակային շատ անսպասելի դարձրեց թիմի ավագ…

Եվ, չշրջանցենք նաև Էմերի- Մխիթարյան թեման: Չունենալով ներկա դրությամբ, առաջին հերթին, պահեստայինների որակյալ, նույնիսկ չենք ասում` երկար նստարան, իսպանացի մարզիչը իրեն թույլ է տալիս Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու շռայլություն… Կայի՞ն դրա համար որևէ պատճառներ, որ մենք, սովորական մահկանացուներս տեղյակ չէինք… Միգուցե, չենք առարկում: Բայց, համենայն դեպս, Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններից հրաժարվելը ներկա պահին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ: Մխիթարյանը, անկասկած դեռ պետք կգար ներկայիս «Արսենալին»…

Էմերին լավ մարզիչ է, բայց, ըստ երևույթին, միայն Իսպանիայի համար է, որտեղ «Վալենսիայում» և «Սևիլիայում» իր կողքին էին մարզական տնօրենները, ովքեր կանոնակարգում էին թիմերի հետ հարաբերությունները, ինչպես նաև մեծ դեր էր խաղում մայրենի լեզվով շփվելու առավելությունը:

«Արսենալի» և Էմերիի համագործակցության բոլոր հեռանկարները կարծես թե սպառվել էին։ Եվ խոսքը միայն արդյունքների մեջ չէ, թիմում հարաբերությունները առաջնային են: Ըստ լուրերի, Օբամեյանգը և Լակազետը հրաժարվել են թարմացնել «զինագործների» հետ պայմանագրերը Էմերիի պատճառով, և դա լուրջ փաստարկ է` մարզչին պաշտոնանկ անելու համար: Համենայն դեպս, դա ավելի էժան կնստի, քան մերժողների փոխարեն նոր խաղացողներ հավաքագրելը:

Ո՞վ է հաջորդը…

Այժմ հիմնական հարցն այն է, որ մարզչին աշխատանքից հեռացնելն ավելի հեշտ է, քան մեկին հրավիրելը, ով կարող է շտկել իրավիճակը: Էմերիին հրաժեշտ տալուց հետո թիմի ղեկը վստահվեց լոնդոնցիների «Ոսկե դարաշրջանի» լեգենդ Ֆրեդի Յունգբերգին: Շվեդը վաղուց աշխատում էր «Արսենալի» համակարգում, և այս մրցաշրջանից մաս էր կազմում Ունաի Էմերիի շտաբի կազմում: Ֆրեդին, հավանաբար, ունի մշտական հիմունքներով գլխավոր մարզիչ դառնալու հավակնություն, և այժմ իրեն դա ապացուցելու հնարավորություն է ընձեռվել: Հաճախ ժամանակավոր փոխարինողների հաջողությունները ղեկավարությանը ստիպում են դադարեցնել բանակցությունները հավանական թեկնածուների հետ:

Մեկ ամիս առաջ մենք արդեն քննարկում էինք Էմերիի հնարավոր իրավահաջորդներին, այդ ժամանակից ի վեր Ժոզե Մոուրինյուն արդեն դուրս է եկել ցուցակից, բայց «Արսենալի» համար գլխավոր մարզչի աթոռը դեռ թափուր է: Մենք դեռ կարծում ենք, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի Մասիմիլիանո Ալեգրիին հրավիրելու համար, եթե նա իհարկե ցանկություն ունի աշխատելու Իտալիայից դուրս: «Արսենալը» քննարկում է նաև տարբերակը Միկել Արտետայի հետ, հավակնորդների թվում են «Վուլվերհեմփթոնից» Նունո Էսպիրիտո Սանտոն և «Նապոլիում» դեռևս աշխատող Կառլո Անչելոտին: Ընտրության հնարավորությունը մեծ է, բայց շատ դժվար: Ո՞վ կվերադարձնի ժպիտները «Արսենալի» երկրպագուների դեմքին… Չշտապենք, դա կիմանանք շուտով:

Վար Բաբայան

armsport.am

Back to top button
Close