Նորություններ

Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դիմակավորվածներն իրենց սև գործն անելուց հետո Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Սարդարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը:

Քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close