Նորություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen Passat, Mazda և Toyota Aqua մեքենաները. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15: 10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Volkswagen Passat մակնիշի 34 CՍ 500 համարանիշի, Mazda մակնիշի 35 XC 662 համարանիշի և Toyota Aqua մակնիշի 2169 19 HW տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button