ՄիջազգայինՆորություններ

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության նոր սրահը կրում է Զաբել Եսայանի անունը

1993թ․ Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արևմտահայ գրող Զաբել Եսայանի անունը։ Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով։

Եսայան սրահը գտնվում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնվող «Hıdivyal Palas» անվամբ շինության առաջին հարկում։ Իր գոյության առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչությունը տեղավորվել է հենց այս շենքում՝ սկզբում շենքի երկրորդ հարկի մեկ սենյակում, ապա տեղափոխվել  է նկուղային հարկ։

«Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի աուլիսի ժամանակ  նշել է, որ Եսայան սրահը կլինի հրատարակչության կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների և այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաև բաց կլինի բոլորի առաջ և հատկապես՝ կանանց և երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների համար։

Հիշեցնենք, որ Զաբել Եսայանը ծնվել է 1878թ․՝ Ստամբուլի Սկյուտար (Üsküdar) շրջանում։ 20-րդ դարի հայտնի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս և գրականագետ Զաբել Եսայանը թղթին է հանձնել իր ժամանակի կարևորագույն իրադարձությունները։ Երբ 1900-ականների սկզբին սկսվում են հայկական ջարդերը, Զաբել Եսայանը պարբերաբար այցելում է Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրեր, և այն զարհուրելի տեսարանները, որոնց ականատես է լինում երիտասարդ մտավորականը, արտացոլվում են նրա այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Ավերակներուն մեջ», «Անեծք», «Երբ այլևս չեն սիրեր» երկերը։ Զաբել Եսայանը միակ կինն էր, ում անունը նախապես տեղ էր գտել 1915թ․ ապրիլի 24-ին աքսորման  ենթակա հայ մտավորականների ցանկում։ Սակայն նրան հրաշքով հաջողվում է փախչել և ապաստանել Թիֆլիսում։ Եսայանը մահացել է 1943թ․։

ermenihaber.am

Back to top button
Close