Նորություններ

Ամփոփվել են «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի արդյունքները

Հայաստանում Եվրոպական միությունը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը նոյեմբերի 29-ին ամփոփել են «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» երկամյա դրամաշնորհային ծրագրի արդյունքները:

Ծրագիրն իրականացվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հետ համագործակցությամբ:  Ծրագրի նպատակն էր հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մշտադիտարկման և ջատագովության կարողությունները՝ դրական փոփոխությունների հասնելու մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական հավասարության ոլորտներում: Ծրագիրը միտված էր աջակցելու նոր և վերջերս հիմնադրված իրավապաշտպան կազմակերպություններին՝ արդյունավետ մշտադիտարկելու, փաստագրելու և  տեղեկատվություն փոխանակելու այդ ոլորտներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում Հայաստանի ավելի քան 75 երիտասարդ հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու  արդեն փորձառու իրավապաշտպան կազմակերպությունների հետ և ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ՝ մշտադիտարկման և ջատագովության արշավների կազմակերպման և իրականացման համար: Շուրջ 50 լրագրող վերապատրաստվել է իրավապաշտպան կազմակերպությունների ջատագովության արդյունքները պատշաճ լուսաբանելու համար: Երիտասարդական կազմակերպություններին ու լրագրողներին տրամադրվել են ենթադրամաշնորհներ՝ այս թեմաներով ծրագրեր իրականացնելու համար:

«Քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողությունը ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է: Այս ծրագրի շահառուներն են եղել երիտասարդ լրագրողներ, հետազոտողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ակտիվիստներ, ովքեր ծրագրի միջոցով հաջողությամբ վերահսկել են հանրային քաղաքականությունն ու բարելավել տվյալների հավաքագրման և մոնիթորինգի եղանակները, որի նպատակն էր ունենալ ապացույցների վրա հիմնված քաղաքական երկխոսություն: Հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հետագա տարիներին կշարունակի այս գործունեությունը: Մենք ողջունում ենք նաև ձեր կողմից ԵՄ աշխատանքի և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի վերահսկողությունը», — ծրագրի արդյունքները ամփոփող միջոցառման ժամանակ նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը շեշտել է, որ ծրագրի մեկնարկը տրվել էր նախքան Թավշյա հեղափոխությունը, երբ իրավիճակը Հայաստանում միանգամայն այլ էր: «Նախքան հեղափոխությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում քաղաքացիական հասարակությունը կենտրոնացած էր իրավախախտումների մշտադիտարկման վրա:  Նախկին իշխանությունները, իրավունքի խախտման  մասին խոսելիս, որդեգրել էին ժխտողական քաղաքականություն: Իրավախախտումների մշտադիտարկման տվյալները շատ բազմազան էին և տարբեր մեթոդաբանությամբ ու չափանիշներով մշակված,  ինչը հնարավորություն էր տալիս այդ ժխտողականությունն ամրապնդելու և լայնորեն տարածելու համար: Այս ծրագիրը միավորում է մի շարք բաղադրիչներ և տրամադրում է գիտելիք, տվյալներ, կարողություններ ու հմտություններ երիտասարդ իրավապաշտպաններին, հետազոտողներին և լրագրողներին»,- ասել է ԲՀՀ Հայաստանի տնօրենը:

Ծրագրի շրջանակում Հանրային քաղաքականության ինստիտուտն ստեղծել է «Գիտելիքի հանգույց» հարթակը, որը պարունակում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մշտադիտարկման ու ջատագովության աշխատանքների համար նախատեսված մեթոդաբանական ձեռնարկներ և տվյալների շտեմարան: Այս հարթակը տեղեկատվության և գիտելիքի բաց աղբյուր է իրավապաշտպան կազմակերպությունների փաստահիմնավորված ջատագովությունն արդյունավետ կազմակերպելու համար:  Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանի գնահատմամբ, ծրագիրն օգնել է լուծել իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունների զարգացման և նրանց աշխատանքի արդյունքների մեկ հարթակում հավաքագրելու և ներկայացնելու խնդիրը:   «Մենք փորձեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ կհավաքագրվեն տվյալները և դրանք կներկայացվեն ամբողջական համատեքստում: Ծրագիրն օգնում է քաղաքացիական հասարակությանը գտնել հանրության հետ շփման նոր լեզու՝ բարեփոխումները, առկա խնդիրները ներկայացնելու համար»,- ասել է նա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն այս ծրագրի իրականացնող գործընկերներից է, կազմակերպել էր մեդիա արշավ՝ ներկայացնելու Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունների մշտադիտարկման և ջատագովության գործողությունները և բարձրացնելու հանրության իրազեկվածությունն այդ ոլորտներում կատարված աշխատանքների մասին: Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով, եթե նախքան հեղափոխությունը քաղաքացիական հասարակությանը հեշտ էր ցույց տալ իշխանությունների բացթողումները, ապա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության առաքելությունն է ոչ միայն բարձրաձայնել խնդիրների մասին, այլև առաջարկել լուծումներ: «Կարևոր է ապահովել կապը քաղաքացիական հասարակության և լայն հանրության միջև, քանի որ տարիներ շարունակ լայն հանրությունն անտեղյակ էր երկրում առկա խնդիրներից, և չէր կարողանում ստանալ իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային տեսակետ և մոտեցումներ: Այս առումով այս ծրագիրը տրամաբանական փոփոխություն բերեց»,- նշել է Իոաննիսյանը:

Ծրագիրն իրականացվել է 2018 թ.-ի հունվարից մինչև 2019 դեկտեմբերը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 460 հազար եվրո:

Back to top button
Close