Նորություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. ոստիկանության ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 71 FԼ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանություն, որտեղից ժամանել են ճանապարհային ոստիկանները։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close