ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Սերժ Սարգսյանը չէր կարող չհանձնել իշխանությունը. իրեն հարցնող էլ չկար. Արթուր Սաքունց

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունները համարում է կեղծ օրակարգ, որի նպատակն է հանրային ուշադրությունը շեղել համակարգային խնդիրներից:

«Դա մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի մոտեցումը պետական ինստիտուտի  եւ պետական ինստիտուտի ղեկավարի հեղափոխությունից հետո, որովհետեւ մենք բազմիցս նշել ենք, որ ամբողջ պետական կառավարման համակարգը մինչեւ թավշյա հեղափոխությունը ձեւավորվել եւ գործել է պետության զավթման տրամաբանության  շրջանակներում»,- նշում է Արթուր Սաքունցը:

Նա նշում է՝ պետք է շատ հստակ խնդիրներ դրվեին ԱԱԾ-ի, ոստիկանության, դատաիրավական համակարգի առաջ, որպեսզի արմատական, բովանդակային փոփոխության ուղղությամբ հայեցակարգեր մշակվեին:

Իշխանություններն  այս առումով ոչ թե վրիպել են, այլ ըստ իրավապաշտպանի՝ արմատական բացթողում են թույլ տվել:

«Պետք է հստակ առաջադրանք լիներ, որ կարճ ժամկետում դուք, պարոնա՛յք, պետք է ներկայացնեք հայեցակարգ՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետության զավթման տրամաբանության վիճակից  ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման վիճակին փոխակերպելու համար մոտեցում: Նույնը վերաբերում է ոստիկանությանը, դատախազությանը, քննչական մարմիններին, որովհետեւ այդ կառույցները գործել են զուտ ռեժիմի, իշխանական շահերի սպասարկման տրամաբանության շրջանակներում: Նոր իրավիճակներում դրանք պետք է նոր կոնցեպցիա ստանան»:

Արթուր Սաքունցը, անդրադառնալով ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի հայտարարություններին, նշեց՝ ի հեճուկս նույն Սերժ Սարգսյանի աջակիցների,  նա ամրագրեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, այն դեպքում, երբ  Սարգսյանին շրջապատող մարդիկ պնդում են, որ 2018-ին տեղի է ունեցել իշխանափոխություն:

«Սերժ Սարգսյանի աջակիցները հենց պոպուլիստներ են, մանիպուլյատորներ… Ուրիշ ո՞վ, եթե ոչ  Սերժ Սարգսյանն է շատ լավ գիտակցում, որ իրապես տեղի ունեցավ հեղափոխություն: Հեղափոխության ժամանակ իշխանությունը չեն տալիս, այն վերցնում են: Տեղի է ունեցել հեղափոխություն: Այո, պարոն Սարգսյանը գուցե թե անգիտակցորեն  դա ամրագրեց: Ինքը չէր կարող չհանձնել իշխանությունը, որովհետեւ իրեն հարցնող էլ չկար:  Ինքը երկու ճանապարհ ուներ. կամ պետք է 2008 թվականի մարտի 1-ի ուղին ընտրեր, որի մասին ինքն ակնարկեց…»:

Արթուր Սաքունցը միեւնույն ժամանակ նշում է, որ Սերժ Սարգսյանը պատմության մեջ կմնա մարդ, որը պետության զավթման պատասխանատու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, իշխանությունը չպահեց ուժով:

«Կարող էր գնալ արկածախնդրության եւ ուժ կիրառել: Նա չգնաց այդ ճանապարհով, եւ դրա համար կարելի է պլյուս գրանցել Սերժ Սարգսյանին, որը չեն հասկանում նրա աջակիցները: Սերժ Սարգսյանին մեղադրում են Ռոբերտ Քոչարյանը եւ նրա աջակիցները, որ ուժ չկիրառեց, որովհետեւ հիմա ստիպված են պատասխանատվություն կրելու Մարտի 1-ի պետական ահաբեկչության համար: Սերժ Սարգսյանին մեղադրում են ՀՀ քաղաքացիների դեմ ուժ չկիրառելու համար նրա այն աջակիցները, որոնք մեծ ակնկալիքներ ունեին՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեպքում ստանալու տարբեր պաշտոններ»,- նշում է Արթուր Սաքունցը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Ավելին
Back to top button
Close