Նորություններ

Երևանում ԱԱԾ-ն իրականացրել է հատուկ օպերացիա. հայտնաբերվել է «Մաուգլին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, ով այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մաուգլիին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան կրել է «Այս անգամ չես պլստա, Շեր-Խան» օպերացիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված էր եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ ոստիկանության էրեբունու բաժնում:

Հայտնել էինք նաև, որ որոշ «ծակ պրոֆեսորներ» համացանցում տեղեկություններ էին տարածել, թե Ա. Սարգսյանը չէր կարող իրեն հսկող 3 աշխատակիցների «քթի տակից թռնել», հավանաբար, համաձայնություն էր եղել նրա և հսկողների միջև ու կարծիք էին հայտնել, թե միևնույն է՝ փախուստի դիմած բանտարկյալը չէր հայտնաբերվելու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեակատարողական ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ շարունակում էին որոնողական աշխատանքները գրեթե կասկածելի բոլոր հասցեներում, որտեղ հնարավոր է՝ թաքնված լիներ փախուստի դիմածը, կատարվում էին ստուգումներ:

Նոյեմբերի 19-ին մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե էին այցելել քրեակատարողական ծառայութան և ոստիկանության Էրէբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ էին տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այդ հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել էին ոստիկանների օրինական պահանջին՝ բացել դուռը: Սառը դատողություն ունեցող մարդն էլ կարող էր կասկածել, որ հնարավոր է ՝ փախուստի դիմած դատապարտյալը թաքնվում էր նշված տանը:

Մի քանի ժամ քրեակատարողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, երկար ժամանակ հորդորել էին բնակարանում գտնվող անձանց, որպեսզի դուռը բացեն, որ Էրեբունու բաժնի քրեական հետախուզության օպերլիազորը, համայնքային ոստիկանը ստուգեին և արձանագրեին, որ նշված բնակարանում չէր գտնվում կասկածյալը, մինչդեռ բնակարանում գտնվողները մի քանի ժամ հրաժարվել էին կատարել իրավապահների օրինական պահանջը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ժամեր անց բնակարանում գտնվող քաղաքացու հետ հեռախոսով բանակցություններ էր վարել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Վ. Վարդանյանը, ում հաջողվել էր համոզել այնտեղ գտնվող անձանց՝ բացելու դուռը, ինչից հետո քրեակատարողական ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ինչպես բոլոր այցելած բնակարաններում, արձանագրել էին, որ որոնվող անձը այնտեղ չէր՝ հեռացել էին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ, իսկ նրան փնտրելու օպերացիան կրել էր «Տարզանը փղիկի վրա որոնում է Մաուգլուն» անվանումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close