Նորություններ

Կալանավորին ծեծելու և խոշտանգելու մեջ մեղադրվող անձն արդարացվեց. forrights.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 30-ամյա Արմեն Աղաջանյանին խոշտանգելու և պաշտոնեական լիազորությւոնները չարաշահելու մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանն արդարացվեց ու հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մեղսագրվող արարքը վերաորակեց․ խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին ճանաչեց անմեղ, մեղավոր ճանաչելով միայն Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վերաորակված հոդվածների վրա համաներում կիրառվեց և Հովհաննիսյանն ազատ արձակվեց:

Հիշեցնենք,  Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով «Նուբարաշեն» ՔԿՀ հերթապահ, 2018թ․ մարտի 16-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում մի խումբ անձանց հետ խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։

«Դատարանը չճանաչեց խոշտանգման փաստը; Մարդուն 4 հոգով ծեծեն՝ պատժելու նպատակով ու չազատազրկե՞ն, նորմա՞լ է դա, զուտ լիազորությունների անցո՞ւմ է կատարել ու վե՞րջ; Տարիներ շարունակ ինչ-որ կար նույն է կատարվում նաև այսօր, ոչ մի բան չի փոխվել դատական համակարգում և դատավորների հոգեբանության մեջ։ Դատավորը ռիսկ չի անում խոշտանգման հոդվածով մարդուն դատապարտել, դրա փոխարեն նախընտրում է ապօրինի դատական ակտ կայացնել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Մեղադրող-դատախազը դատարանից պահանջել էր Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ պատժաչափ սահմանել 8 տարի 8 ամիս ժամկետով։ Նրանց համար անսպասելի էր դատարանի նմանօրինակ «անօրինական» դատավճիռը։

Փաստաբանը նկատում է՝ դատարանը հաշվի չի առնում Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ որոշումները, նշանակություն չի տալիս այն հանգամանքին, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բացասական է որակում, երբ խոշտանգումները վերաորակվում են լիազորությունների անցում։

«Մենք միանշանակ բողոքարկելու ենք առաջին ատյանի դատավճիռը։ Խոշտանգման գործը չպետք է ուղղակի լսվի, անօրեն վճիռ կայացվի ու փակվի»,- նշում է Ղարագյոզյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը խոսքով՝ տարիներ շարունակ խոշտանգման գործերով քննությունները կոծկվել են։ Անգամ եղել են դեպքեր, երբ առկա են եղել հիմնավոր կասկածներ կոնկրետ անձի վերաբերյալ, թե կոնկրետ որ բաժնում է խոշտանգում տեղի ունեցել, ով է արել, բայց դրան ոչինչ չի հետևել՝ գործը փակվել ու գնացել է․

«Շատ մեծ կասկածներ ունեմ, որ այն փաստերն ու ապացույցները, որ պետք է ի հայտ գային, կարող է՝ այդ գործողությունների արդյունքում ընդհանրապես կոծկվեին, հետքերը վերացվեին։ Իբր՝ չեն կարողանում բացահայտել խոշտանգումների գործերը։ հանցագործությունը բացահայտելու համար պետք է մեկ բան՝ ցանկություն, մնացածը միայն նպաստող պայմաններ են, ես դեռ այդ կամքը չեմ տեսնում, քանի որ որևէ դրսևորում չկա»,- Forrights—ի հետ զրուցում նշեց Ռևազյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ ընդամենը օրեր  առաջ էր ՄԻՊ-ն արձանագրել, որ իրավական համակարգում խոշտանգման փաստով քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։ Այսինքն՝ այդ հոդվածով, դրա ընդունման պահից սկսած՝ որևէ անձ չի դատապարտվել․

«Եթե մենք հաշվենք, թե Հայաստանում խոշտանգման համար քանի գործ է հարուցվել ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով քանի խախտում է ճանաչված, Եվրոպական դատարանի գործերը գերակշիռ կլինեն, քան ներպետական ատյանում։ Սա աննորմալ վիճակ է, սա խոսում է պետության ձախողման մասին, այդ ուղղությամբ որևէ բան տեղի չի ունենում»,- հավելեց Ռոբերտ Ռևազյանը։

Forrights-ը փորձեց կապ հաստատել տուժող Արմեն Աղաջանյանի մոր՝ Գայանե Աղաջանյանի հետ, սակայն վերջինս շատ հուզված էր և դժվարացավ խոսել։

«Տղես պատմում էր, որ խուզարկման սենյակ մտնելուց հետո, իրեն ուղեկցող Արմեն Հովհաննիսյանի կողմից միանգամից հարված ա ստանում դեմքին: Հետո սենյակ են մտնում ևս 3 հոգի ու սկսում հարվածել գլխին ու մարմնի տարբեր մասերին: Արմենին ասում եմ՝ բալես, գոնե դեմքդ պահեիր, որ չխփեին, ասում էր՝ մամ ջան, հազիվ դուրս եկած աղիքս էի պահում երկու ձեռքով: Էդ սենյակում էլի մարդիկ են եղել, ովքեր նայում էին տեսարանին, բայց, երևի, վախենում էին ձայն հանել»,- Forrights-ի հետ զրույցում ամսիներ առաջ պատմել էր տիկին Գայանեն:

Դեպքից ամիսներ անց՝ հուլիսի 7-ին, Արմենին տեղափոխում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ,  որտեղ 5 օր անց հայտնաբերում են սավանից կախված վիճակում:

Նախնական վարկածով Արմենն ինքնասպան է եղել, սակայն հարազատները բացառում են այդ տարբերակը: Նրանք պնդում են, որ Արմենին սպանել են «սկսված գործն ավարտին հասցնելու համար»: Արմենի դիակը գտել են լոգարանում՝ կտրած սավանով կախված, ծնկաչոք վիճակում, հարազատների համար սա «աբսուրդ է»: Ինքնասպանության գործն այս պահիին դեռևս նախաքննության փուլում է։

Ռոզա Վարդանյան

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանն է

forrights.am

Back to top button
Close