Նորություններ

Իրենց նպատակը քրեական գործի քննության իմիտացիա ստեղծելն է. Գեւորգ Կոստանյանը՝ ՀՔԾ-ի շտապողականության մասին. pastinfo.am

Հ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր եւ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ ՀՔԾ –ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Այս առնչությամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարության ու իրեն որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է Գեւորգ Կոստանյանը։

-Պարոն Կոստանյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հայտարարել է, որ եթե Դուք չվերադառնաք Հայաստան, օրենքով են շարժվելու, ինչը նշանակում է, որ 48 ժամը լրանալուն պես հնարավոր է Ձեր նկատմամբ հետախուզում հայտարարվի։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը։

-Քանի որ ՀՔԾ-ն ինձ հետ հրապարակային է շփվում, ես էլ հրապարակային ձեւով իրենց ասել եմ, թե երբ եմ վերադառնալու եւ, որ միանշանակ վերադառնալու եմ։ Եթե իրենք դրա արդյունքում արհեստական ժամկետներ են սահմանում, ես այստեղ տեսնում եմ, որ նպատակային նշանակությունը այլ է։ Մեկ տարի առաջ ինձ հարցաքննել են, դրանից հետո ոչ մի գործողություն չեն կատարել՝ որեւէ գործողություն, որովհետեւ ենթադրվում է, որ պետք է այլ վկաների հետ առերեսումներ լինեն եւ այլն, բայց այնուամենայնիվ, որեւէ գործողություն չի կատարվել։ Այս տարվա սեպտեմբերին՝ 6-ին էր, թե 9-ին, երբ սեսիան սկսվեց մեկնել եմ Մոսկվա ու դրանից հետո ինձ հրավիրում են հարցաքննության։ Այ ընկեր ջան, մեկ տարի ոչ մի բան չարեցիք, հիմա ասում ես՝ դե արի։ Ես պայմանագիր եմ կնքել, որ գամ, ես վստահ եմ, որ իմ ելքը ՀՀ-ից սահմանափակելու են, բա իմ պարտականությունները ո՞վ է կատարելու՝ ՀՔԾ-ն, թե՞ դատախազությունը, թե՞ Հայաստանի Հանրապետությունը։ Ես իրենց բացատրել եմ՝ իմ պայմանագրային պարտավորությունները կատարելուց հետո կվերադառնամ, այսինքն, սեսիան հենց ավարտվեց, կվերադառնամ, եթե իրենք հիմա նման հրատապություն են դնում, ցանկացած ողջամիտ մարդու մոտ կասկածի տեղիք է տալիս չէ՞։

-Դուք ի՞նչ կասկածներ ունեք, պարոն Կոստանյան։

-Ես այդ կասկածների փարատումը թողնում եմ Ձեզ, Դուք որոշեք՝ ո՞րն է, եթե ես ասում եմ՝ գալու եմ, այդ 15-20 օրը այդ ի՞նչ հարց պետք է լուծեր, դու ասում ես՝ չէ, երկու օրվա ընթացքում։

-Այդ շտապողականության պատճառը քաղաքակա՞ն եք համարում։

-Այսպես ասեմ, այս ամբողջ քրեական գործը, բազմիցս նաեւ հրապարակային ասել եմ, համարում եմ որպես Մարտի 1-ի սպանությունների հանգամանքների բացահայտման անկարողության դրսեւորում։ Իրենց նպատակը հնարավորինս հնչեղ անուններ ներգրավելն է քրեական գործի մեջ, որպեսզի ստեղծեն քրեական գործի իմիտացիա, որովհետեւ իրական քրեական գործով, որը Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտումն է, իրենք զրո արդյունք ունեն՝ զրո, հետեւաբար, ես այս ամբողջը դիտարկում եմ որպես իրենց անարդյունավետության , անգործունակության դրսեւորում։

-Պարոն Կոստանյան, այդուհանդերձ, ՀՔԾ-ն Ձեր վերադարձի համար 48 ժամ է տվել, այն լրանալուց հետո, եթե հետախուզում հայտարարվի, ինչպե՞ս եք վարվելու։ Սասուն խաչատրյանն ասել է, որ գործելու ենք օրենքի շրջանակում։

-Եթե հետախուզում հայտարարեն՝ այդ ժամանակ ես իմ դիրքորոշումը կվերանայեմ։ Սասուն Խաչատրյանի խոսքերը թող ինքն էլ մեկնաբանի, ես մեկնաբանողը չեմ եղել եւ չեմ լինելու երբեք։

-Ձեր դիրքորոշումը վերանայելու մասով ի՞նչ նկատի ունեք, թողնելու եք դասախոսությունները, վերադառնա՞ք։

-Երբ իրենք գործողություններ կձեռնարկեն, ըստ այդմ ես կգնահատեմ դա։ Համենայնդեպս, այս պահի դրությամբ այն հանգամանքը, որ իրենք 48 ժամ են տալիս, ես արհեստականություն եմ դիտարկում եւ ես կարծում եմ, որ իրենք են շահագրգռված, որ ես չգամ։ Եթե դու ինձ ասում ես՝ ե՞րբ ես գալու, ես քեզ բացատրում եմ, թե երբ եմ գալու, դու ասում ես ՝ չէ, 48 ժամ, ակնհայտ է չէ՞, որ ես չեմ կարող 48 ժամվա ընթացքում գալ, ոչ թե ֆիզիկապես, որ ասում է՝ ինքնաթիռ նստի, գալ, այլ այնպիսի իրավիճակ է, որ պայմանագրային պարտավորություններ ունեմ։

-Այսինքն, կարծում եք, որ հատո՞ւկ է արվում, որ Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտված չլինելու մեղքը բարդեն , դիցուք, Ձեր՝ չներկայանալու հանգամանքի՞ վրա։

-Ոչ միայն իմ, քանի որ այս-այս մարդիկ չեն ներկայանում, դրա համար մենք չենք կարողանում բացահայտել, բայց ֆիքսենք՝ որեւէ մեկի նկատմամբ սպանությունների հետ կապված որեւէ մեղադրանք չկա։

Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close