Նորություններ

Կոստանյանի մեղադրանքը կապվում է Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ․ ՀՔԾ պետ

Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզո՞ւմ հայտարարվելու է։ Լրագրողների հարցին Ազգային ժողովում պատասխանել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան՝ նշելով, որ կգործեն ըստ օրենքի, ապա հավելել, որ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Դիտարկմանը, թե Գևորգ Կոստանյանն ասել է՝ երբ դասերն ավարտի, կգա, ՀՔԾ պետն արձագանքել է. «Անձը մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունը անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»:

Մեկ այլ դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է՝ գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասել է. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։

Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվո՞ւմ է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ, ՀՔԾ պետն ասել է՝ այո՛։

Մեկ այլ հարցին՝ գլխավոր դատախազ եղած տարիներին Մարտի 1-ի գործը չբացահայտելու համար ևս կլինի՞ մեղադրանք, Սասուն Խաչատրյանն արձագանքել է. «Եկեք, 48 ժամ սպասենք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար։

24news.am

Back to top button