Ոսկե վարագույր, արհեստական լողափ եւ 36 մլն-ոց ըմպանակ. միլիոնատերերի անհեթեթ գնումները
Շատ միլիոնատերեր եւ միլիարդատերեր իրենց թույլ են տալիս հսկայական գումարներով «աննշան մանրուքներ» գնել: Եվ երբեմն դրանք այնքան տարօրինակ են, որ սկսում ես կասկածել այդ մարդկանց ադեկվատության վրա:
Ոսկեզօծ օդանավասանդուղք
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը ոսկեզօծ օդանավասանդուղք ունի, որի միջոցով նա իջնում է իր մասնավոր ինքնաթիռից: Դա սովորական օդանավասանդուղք չէ, այլ՝ շարժասանդուղք: Չէ՞ որ վայել չէ միապետին իր ուժերը ծախսել այնպիսի «անիմաստ» զբաղմունքի վրա, ինչպիսին է ոտքերի շարժումը:
36,3 մլն. դոլարանոց ճենապակե ըմպանակ
Չինացի միլիարդատեր Լյու Իցյանը վաղուց հայտնի է արտասովոր եւ թանկարժեք իրեր գնելու իր սովորությունով: Այսպես, միլիարդատերն աճուրդում ձեռք է բերել Մին դինաստիայի ժամանակաշրջանի ճենապակե ըմպանակ՝ 36,3 մլն. ԱՄՆ դոլարով:
Տներ՝ հարեւանությամբ
Թեեւ Մարկ Ցուկերբերգը բավականին համեստ կենսակերպ է վարում, զբաղվում է բարեգործությամբ եւ օգնում երիտասարդ տաղանդներին, սակայն երբ խոսքը վերաբերում է իր նեղ անձնականին, նա չի խնայում իր միլիոնները: Հենց այդ պատճառով Facebook-ի հիմնադիրը գնել է իր շքեղ առանձնատան հարեւանությամբ գտնվող 4 տները՝ իրեն զերծ պահելով հետաքրքրասեր հարեւաններից:
Թանկարժեք մեքենաներ
Այն, որ միլիոնատերերը թանկարժեք մեքենաներ են վարում, ոչ ոքի համար զարմանալի չէ: Բայց միայն այն դեպքում, երբ խոսքը չի գնում մի ամբողջ ավտոպարկի մասին՝ բաղկացած հազարավոր եզակի ավտոմեքենաներից: Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախի հավաքածուն կազմված է տարբեր մակնիշների ավելի քան 2500 ավտոմեքենայից, որոնք պարզապես փոշոտվում են պահեստներում: Սուլթանը ցուցահանդեսներ կազմակերպել եւ մեքենաներից որեւէ մեկը վաճառել չի պատրաստվում:
Արհեստական լողափ
Ի՞նչ անել, եթե դուք ցանկանում եք ապրել խաղաղ մի լճակի մոտ եւ սիրում եք վայելք ստանալ ավազե լողափին: Պատասխանը պարզ է. ավազ ներկրել Կարիբյան կղզիներից: Հենց այդպես է վարվել Բիլ Գեյթսը: Նա պարբերաբար Սենտ Լյուսիից տոննաներով ավազ է տեղափոխում, որպեսզի պահպանի իր արհեստական լողափը:
Հիլարի Քլինթոն եւ Բեյոնսե
Գործարար Մուկեշ Ամբանին 100 մլն դոլար է ծախսել, որպեսզի իր դստեր հարսանիքին հրավիրի Հիլարի Քլինթոնին եւ Բեյոնսեին: Ինչեր ասես չես անի քո սիրելի զավակի համար, եթե դու Հնդկաստանի ամենահարուստ մարդն ես, թեեւ այս դեպքում հյուրերի ընտրությունը մի փոքր տարօրինակ է:
Ոսկե վարագույր
Մեքենայություններով հայտնի միլիարդատեր Դենիս Կոզլովսկիի տան խուզարկության ժամանակ հավաքարարների համար նախատեսված լոգարանում հայտնաբերել են ոսկե վարագույր՝ 6 հզր. դոլար արժողությամբ: Նա պնդել է, որ ոչինչ չգիտի այդ վարագույրի մասին եւ այն իրեն չի պատկանում, սակայն պարզ է, որ տան սպասավորները չէին կարող իրենց նման շռայլություն թույլ տալ:
Կազինո՝ Լաս Վեգասում
Հովարդ Հյուզը հայտնի է իր տարօրինակ արարքներով: Օրինակ, 1966թ.-ին նա հյուրանոց է գնել, եւ որոշ ժամանակ անց ձեռք բերել նաեւ Silver Slipper կազինոն, որը գտնվում էր հյուրանոցի դիմաց: Ինչու՞: Առաջին հերթին Հովարդին նյարդայնացնում էր կազինոյի վառվռուն ցուցանակը, որը նա հանեց օբյեկտը գնելուց անմիջապես հետո: Երկրորդ՝ նա վախենում էր, որ այդ կառույցի պատշգամբից լրագրողները կարող են իրեն հետեւել:
Աղբյուր՝ Fishki.net