Կոնգոյում ուղևորատար ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. բազմաթիվ զոհեր կան (տեսանյութ)

Ուղևորատար ինքնաթիռ է կործանվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է tvzvezda.ru-ն, ողբերգությունը տեղի է ունեցել երկրի արևելյան շրջանում:
Օդանավի շարժիչը խափանվել է անմիջապես օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, որից հետո այն ընկել է բնակելի տների վրա: Նշվում է Dornier-228 օդանավում 16 ուղևոր և անձնակազմի 2 անդամ են եղել:
Ընկնելուն պես ինքնաթիռը բռնկվել է, դեպքի վայրում ուժեղ հրդեհ է սկսվել: Ականատեսների խոսքով՝ օդանավում գտնվողներից բացի զոհեր են գրանցվել նաև տեղի բնակիչների շրջանում, որոնց մարմինները ներկա պահին դուրս են բերվում փլատակների տակից:
Զոհերի հստակ թիվը դեռևս պարզ չէ: Փրկարարները փորձում են մարել կրակը: Օդանավը պատկանել է մասնավոր ավիափոխադրողի, որը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը: Ավիացիոն ծառայություններն սկսել են հետաքննել կատարվածը: