Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առկա կոնֆլիկտը խորացել է․ ո՞վ կդառնա խաղացող

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը և մեկնաբան Հակոբ Բադալյանը անդրադարձել են ԵժԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին։
«Մենք հիմա ականատես ենք լինում քաղաքական նոր հարաբերակցության ձևավորման և բնականաբար, նախկին իշխող համակարգը իր ամենատարբեր թևերով փորձում է դիրքավորվել՝ հնարավոր խնդիրներ լուծելու համար։ Խնդիրներն այդ համակարգի համար բազմաթիվ են՝ սկսած կուտակած հարստության պաշտպանությունից, որովհետև մենք գիտենք, թե ինչպիսի միջոցներով և մեխանիզմներով է դա կուտակվել և ինչ իրավական հարցեր կան այդ պրոցեսի հետ կապված և որոնք գործնականում կարող են հայտնվել ցանկացածի առաջ»,-նշում է Հակոբ Բադալյանը։
Սարգսյանի ելույթը Հակոբ Բադալյանը գնահատում է որպես խաղացող լինելու հայտ։
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև առկա նկատելի լարվածությանը, Բադալյանը գտնում է, որ կոնֆլիկը նրանց միջև տարիների ընթացքում ավելի ու ավելի է խորացել։
«Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը գտնում է, որ խաղացող դառնալու համար նրանք առնվազն պետք է ունենան հանրության որոշ հատվածի աջակցությունը, որի վրա կարողանան հղում անել։
«Ես կասկածում եմ, որ այդ թևերը և ենթաթևերը միասին վերցրած, պայմանական ռևանշիստական, նույնիսկ 5 տոկոսն են ներկայացնում բնակչության։ Սա ամենևեին չի նշանակում, որ մոտակա ընտրություններում իրենք չեն կարող ստեղծել քաղաքական ձևաչափեր, որ դրանից ավել ձայն ստանան»,-ընդգծում է Հովհաննիսյանը։
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև։